Մայիսի 21-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում ապատեղեկատվության դեմ պայքարում իրավական կարգավորումների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ողջունելով հյուրերին հայ-ֆրանսիական հարաբերությունների կայացման գործում, կարևորեց նմանատիպ հանդիպումները, նշելով որ Հանձնաժողովը հանդիսանում է Ֆրանկոֆոն երկրների մեդիա կարգավորողների հարթակի (REFRAM) լիիրավ անդամ, միաժամանակ ներկայացնելով Հանձնաժողովի գործառույթները, լիազորություններն ու օրենսդրական կարգավորումները։
ՀՌՀ նախագահը ներկայացրեց օրենսդրական այն բացերը, որոնք խոչընդոտներ են ստեղծում Հանձնաժողովին իր գործառույթներն իրականացնելու գործում և որը նպաստում է եթերից ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածմանը։
Բերտրան Լևան շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշեց, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել հայաստանյան մեդիա դաշտի ուսումնասիրության և կարիքների փաստագրման համար։ Պարոն Լևան նշեց, որ կարիքների փաստագրումից հետո կազմվող հաշվետվության մեջ ներառվելու են առաջարկություններ, որոնց շուրջ հնարավորություն է ստեղծվելու համագործակցել։
Կողմերը քննարկեցին իրավական կարգավորումներին, հատկապես մեդիագրագիտությանը և ապատեղեկատվությանը, հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստածրագրերի մոնիտորինգին, ցանցային օպերատորներին տրվող լիցենզիաների պահանջներին վերաբերող և այլ հարցեր։
Պատվիրակության կազմում էր Բերտրան Լևան՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դեմոկրատական կառավարման քաղաքականության և քաղաքական հարցերի բաժնի ղեկավարը, Ժան Ֆրանսում՝ Հանրային քաղաքականության և ԶԼՄ-ների կարգավորման միջազգային փորձագետը, Անետա Գոնտան՝ Մոլդովայի տեսալսողական խորհրդի փոխնախագահը և Էլիզ Զահին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ծրագրերի պատասխանատուն։