ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կայացել է հաճախությունների հարցերով աշխատանքային խմբի հերթական քննարկումը

Մայիսի 14-ից 15-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում կազմակերպված հաճախությունների հարցերով աշխատանքային խմբի (SEWG) 17-րդ նիստը, որին մասնակցել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը:

Հաճախությունների հարցերով աշխատանքային խումբը քննարկել է 470-694ՄՀց, 700 ՄՀց և 800ՄՀց հաճախությունների ազատականացումից հետո՝ թվային հեռուստատեսության սպեկտրի վերապլանավորման սկզբունքների վերանայման, ինչպես նաև ավելի բարձր հաճախականությունների պլանավորան վերաբերյալ հարցեր։

Աշխատանքային խմբի մասնակից «Եվրոպական միությունը թվային օրակարգի համար» (EU4Digital) նախաձեռնության ներկայացուցիչները ներկայացրել են եվրոպական տարբեր երկների հաճախությունների ազատականացման տեսլականը և կատարված աշխատանքները, իսկ հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) ներկայացուցիչները՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների կոնվերգենցիայի հետևանքով հաճախությունների առավել օպտիմալ օգտագործման ձևերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև թվային ռադիոհեռարձակման անցած երկրների փորձը։

Վերանայվել է 700ՄՀց, 800ՄՀց և ավելի բարձր ռադիոհաճախականության տիրույթների օգտագործման իրավիճակը և հեռանկարը Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես՝ 3.4–3.8 ԳՀց և ավելի բարձր հաճախականությունների օգտագործումը հիմնականում շարժական կապի ծառայությունների տեսանկյունից։

Եվրոմիության անդամ երկրները ներկայացրել են 5G և թվային հեռուստատեսության վերաբերյալ կատարված աշխատանքները, քննարկել թվային հեռուստատեսության ապագան, զարգացման ուղիները, ինչպես նաև այն թնջուկները, որոնք կարող են առաջանալ ինչպես իրավական համակարգի փոփոխության, այնպես էլ տեխնիկական նորարարությունների հետ կապված: