Այսօր՝ մայիսի 8-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ։ Նիստի օրակարգում ընգրկված էին «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 355 լիցենզիան վերաձևակերպելու հայտի, «ԱՐԱՆԵԱ», «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020», «ՄԵԴԻԱ ՄԱՐՍԵՏ», «ՄԱՅ ՆԵՏ», «ՀՈՎՆԵՏ», «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման և «էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» և «Անչափահասների առողջության, մտավոր եվ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումների նախագծերի վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգը հաստատելուց հետո, քննարկելով «ՊՐՈԴԻԶԱՅՆ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N355 լիցենզիան վերաձևակերպելու վերաբերյալ հայտը, Հանձնաժողովը բավարարեց Ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպեց 11․01․2024 թվականին տրամադրված լիցենզիան:
Ներկայացնելով «ԱՐԱՆԵԱ», «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020», «ՄԵԴԻԱ ՄԱՐՍԵՏ» և «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը նշվեց, որ վերը նշված հեղինակազորված ընկերությունների կողմից իրենց 2023 թվականի հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկությունը մինչև 2024 թվականի ապրիլի 01-ը Հանձնաժողով չեն ներկայացվել։ Հանձնաժողովը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով, 2024 թվականի ապրիլի 11-ին Հեռարձակողների նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ։
Հանձնաժողովի կողմից ծանուցումը ստանալուց հետո «ԱՐԱՆԵԱ» և «ՄԵԴԻԱ ՄԱՐՍԵՏ» ընկերությունները գրությամբ հայտնել են, որ ընկերությունների կողմից Հանձնաժողովի secretariate@tvradio.am էլեկտրոնային փոստի հասցեին են ուղարկվել հասույթի վերաբերյալ տեղեկությունը, միաժամանակ ներկայացնելով նամակի ուղարկման փաստը հաստատող էլեկտրոնային փոստից քաղվածք սքրինշոթ։
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են վարչական վարույթի վերաբերյալ ցանցային օպերատորների կողմից ներկայացված պարզաբանումներն ու ներկայացված ապացույցները և հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ցանցային օպերատորների կողմից ներկայացվել է անհրաժեշտ տեղեկատվությունը secretariate@tvradio.am էլեկտրոնային հասցեին, որը Հանձնաժողովը չի ստացել տեխնիկական խնդիրների պատճառնով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների դրույթներով և հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի, 282-րդ հոդվածի դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կարճել «ԱՐԱՆԵԱ» և «ՄԵԴԻԱ ՄԱՐՍԵՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ հարուցված վարչական վարույթները:
Քննարկելով «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» և «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը նշվեց, որ Հանձնաժողովի կողմից 2024 թվականի ապրիլի 11-ի ծանուցումը ստանալուց հետո «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» Ընկերությունը գրությամբ հայտնել է, որ հասույթի վերաբերյալ տեղեկատվությունը ուղարկվել է սահմանված ժամկետում, պարզապես վրիպման արդյունքում ճիշտ չի նշվել էլեկտրոնային փոստը, որին պետք է հասցեագրվեր նամակը, իսկ «ՄԱՅ ՆԵՏ» Ընկերության կողմից որևէ պատասխան և պարզաբանում չի ներկայացրել։
Վարչական վարույթի ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Հեռարձակողների կողմից իրականացվել է իրավախախտում։ Այդպիսով՝ ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների դրույթներով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 28-րդ մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց Ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Օրակարգային հաջորդ՝ «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ նշվեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության դիմումը, որտեղ նշված է «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու փաստի վերաբերյալ։
Հանձնաժողովի կողմից ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, իսկ Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից իրականացվել «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության մշտադիտարկում՝ տեղում դիտարկման միջոցով, որի ընթացքում կազմվել է օպերատորի գործունեության տեղում դիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրություն։ Նշենք, որ կազմված արձանագրությանը տեղում ծանոթացել և ստորագրել է ցանցային օպերատորի ներկայացուցիչը՝ չներկայացնելով առարկություններ։ Միաժամանակ նշենք, որ ցանցային օպերատորը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ պարզաբանումներ և բացատրություններ չի ներկայացրել։
Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից իրականացվել է նաև «ՄԱՅ ՆԵՏ» ընկերությանգործունեության մշտադիտարկման արդյունքների արձանագրությունում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրություն, որի արդյունքում պարզվել է, որ ծրագրերի վերահաղորդման իրավունքը հավաստող պայմանագրերի մեծ մասի գործողության ժամկետները լրացած են, այդ թվում «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության դիմումում նշված տեսալսողական ծրագրերի, բացառությամբ «Моя Планета» և «Наука 2» (Наукa) ծրագրերի, որոնք ցանկում ներառված չեն եղել և չեն էլ վերահաղորդվել դիտարկման ժամանակ։
Այսպիսով, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հայտնի է դարձել, որ ցանցային օպերատորն իր գործունեությունն իրականացնում է Օրենքի խախտումով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներով և հիմք ընդունելով Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով սահմանված 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Քննարկելով «ՀՈՎՆԵՏ» և «ԹԻՎԻՆԵՏ»Ընկերությունների նկատմամբՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների նյութերը` պարզվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորների գործունեություն իրականացնող «ՀՈՎՆԵՏ» և «ԹԻՎԻՆԵՏ»ՍՊ ընկերությունների կողմից տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստը։
Նշվեց, որ Հանձնաժողովն իրականացրել է ցանցային օպերատորների մոտ մշտադիտարկում՝ տեղում դիտարկում իրականացնելու միջոցով և կազմել արձանագրություն։ Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից իրականացվել է նաև ցանցային օպերատորների գործունեության մշտադիտարկման արդյունքների արձանագրությունում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորների կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերի համադրություն, որի արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորների կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկից բացակայում են մի շարք տեսալսողական ծրագրեր, որոնք փաստացի վերահաղորդվել են արձանագրությունը կազմելու պահին։
Այսպիսով, վարչական վարույթների ընթացքում ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հայտնի է դարձել, որ «ՀՈՎՆԵՏ» Ընկերությունը խախտել է Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ «ԹԻՎԻՆԵՏ»Ընկերությունը՝ Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները։
Հանձնաժողովը միևնույն ժամանակ արձանագրեց, որ ցանցային օպերատորները մեկ տարվա ընթացքում կրկնել են նույն խախտումը, որը համապատասխանում է Օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասի հատկանիշներին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով և հիմք ընդունելով Օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՀՈՎՆԵՏ» և «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով կիրառված տույժի եռապատիկի չափով՝ 150 000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Ներկայացնելով օրակարգային վերջին՝ «էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» և «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումներում կատարված փոփոխությունների վերաբերյալ հարցը, նշվեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված որոշումները Նորմատիվ բնույթի են, մինչև Արդարադատության նախարարություն իրավական փորձաքննության ներկայացելը ստանալ նաև ԿԳՄՍՆ-ի կարծիքը։