ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովն ընդունել է որոշումներ

Այսօր՝ մարտի 22-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՑԱՅԳ» և «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման և «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված վարչական բողոքի քննարկման (Հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 19-ի ««ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ»ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի ծանուցումները մասնակի հաստատելու մասին» թիվ 19-Ա որոշման մի մասը վերացնելու մասին) վերաբերյալ հարցերը։

Ներկայացնելով «ՑԱՅԳ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը նշվեց, որ Հանձնաժողովը տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՑԱՅԳ» ընկերության գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է Հեռարձակողի «Ցայգ» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 01-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109-Ա և «Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 110-Ա որոշումների պահանջների խախտման փաստ։

Նշվեց, որ Հեռարձակողի «Ցայգ» տեսալսողական ծրագրի 26.02.2024 թվականի եթերում ժամը՝ 22։37։16-ից մինչև 00։27։02-ը հեռարձակված «Հայելիներ» ֆիլմը պարունակել է վախի, տագնապի, անելանելության զգացում հարուցող, սոսկում առաջացնող տեսարաններ և ձայնաշար, մարդկանց խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական, հոգեկան ցավ պատճառելու, խոշտանգված մարմիններ և արյունահեղ տեսարաններ։

Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողը Հանձնաժողով ներկայացրած իր բացատրագրով հայտնել է իր համաձայնությունը կազմված արձանագրության հետ, մասնավորապես ընդունելով նշված փաստերը։ Հեռարձակողը ներկայացված բացատրագրում նշել է, որ ֆիլմի ցուցադրումը ժամը՝ 22։37։16-ից 00։27։02-ը, ՀԸ ծրագրերի պատասխանատուի անփույթ աշխատանքի արդյունքն է,  միևնույն ժամանակ խնդրելով հաշվի առնել «Ցայգ» ՀԸ ֆինանսական դժվարին պայմանները և հնարավորության դեպքում ՀԸ նկատմամբ կիրառել նկատողություն, այլ ոչ թե ֆինանսական տուգանք։

Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի մասնակցի կողմից ներկայացված փաստերը, համադրելով Հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկման արդյունքների հետ, արձանագրել է, որ Հեռարձակողի կողմից իրականացված է իրավախախտում, որը համապատասխանում է Օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասի հատկանիշներին։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով, Հանձնաժողովի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109-Ա որոշման Հավելվածի 3-րդ մասով, «Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 110-Ա որոշման 3-րդ, 4-րդ մասերով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական  մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Օրակարգային երկրորդ հարցով Հանձնաժողովը քննարկեց Հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 19-ի թիվ 25-Ա որոշմամբ «ԱՇՏԱՐԱԿ ԷԼԻՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու մասին հարցը:

Նշվեց, որ Հանձնաժողովը, դեռևս հունվարին ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ՝ հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով ամրագրված պահանջի խախտումը: Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հաստատված է համարել այն փաստը, որ ցանցային օպերատորը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել տեսալսողական հաղորդումներ, որն էլ լիցենզիայի գործողության կասեցման և խախտումը չվերացնելու դեպքում, նաև լիցենզիայի դադարեցման հիմք են։Հանձնաժողովը, ղեկավարվելով Օրենքի և «Լիցենզավորման մասին» օրենքի դրույթներով՝ 2024 թվականի փետրվարի 19-ին ընդունել է ցանցային օպերատորի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» որոշումը՝ կասեցնելով ցանցային օպերատորի լիցենզիայի գործողությունը՝ երեսուն օր ժամկետով՝ 2024 թվականի փետրվարի 26-ից:

Նիստի ընթացքում Հանձնաժողովն արձանագրում է, որ ցանցային օպերատորը սահմանված ժամկետում վերացրել է նշված խախտումները և որպես ապացույց Հանձնաժողով է ներկայացրել պահանջված տեղեկատվությունը։

Այսպիսով, սույն գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովն արձանագրում է, որ ցանցային օպերատորի նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից՝ 2024 թվականի մարտի 27-ից, քանի որ վերացվել են ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման հիմք հանդիսացած խախտումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով ` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց վերացնել Ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ 2024 թվականի մարտի 27-ին։

Ներկայացնելով օրակարգային երրորդ հարցը նշվեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ուսումնասիրելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից 22․02․2024 թ․ Հանձնաժողով մուտքագրված վարչական բողոքը, պարզել է, որ «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ընկերությունը վարչական բողոք է ներկայացրել Հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 19-ի ««ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի ծանուցումները մասնակի հաստատելու մասին» թիվ 19-Ա որոշման մի մասի դեմ:

Հանձնաժողով ներկայացված վարչական բողոքում դիստրիբյուտորը նշել է, որ2024 թվականի հունվարի 29-ին և փետրվարի 2-ին Ընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հաստատմանն է ներկայացրել «Россия-К», «Россия-24» և «Romance Channel», «Suspense» տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումներ, որոնց կից ներկայացվել են տեսալսողական ծրագրերի օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները: Հանձնաժողովի կողմից ծանուցումները հաստատվել են մասնակի, մերժվել են «Россия-К», «Россия-24» տեսալսողական ծրագրերի մասով ծանուցումները։ Վարչական ակտում նշված ծրագրերի ծանուցումը մերժելու հիմք է նշվել ծանուցմամբ ներկայացված  պայմանագիրը թերի լինելու հանգամանքը։

Հանձնաժողովը վարչական բողոքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված լրացուցիչ ապացույցների ուսումնասիրության և գնահատման, ինչպես նաև Դիստրիբյուտորի կողմից ներկայացրած փաստերի համադրման արդյունքում պարզվել է, որ դիստրիբյուտորը ներկայացրել է տեսալսողական ծրագրի իրավատիրոջ հետ կնքված պայմանագրի պատճենը՝ խախտելով Օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի պահանջը։

Անդրադառնալով Ընկերության այն փաստարկին, որ վերջինիս կողմից փակվել են պայմանագրի այն կետերը, որոնք գաղտնի տեղեկատվություն են ներկայացնում և Հանձնաժողովին ծանուցման հաստատման ժամանակ անհրաժեշտ չեն, փաստենք, որ Ընկերությունը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ գաղտնի նյութեր են առկա այդ պայմանագրում։

Նշենք, որ Ընկերության կողմից սույն վարչական բողոքի շրջանակում ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում, որ վարչական ակտը ոչ իրավաչափ է։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 54-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը, 76-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետը` Հանձնաժողովը որոշեց մերժել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության վարչական բողոքը՝ անփոփոխ թողնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 19-ի թիվ 19-Ա որոշումը: