Այսօր՝ հունվարի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 6-ի ««ԻՐԻԴԱ ԳԼՈԲԱԼ» ՍՊ ընկերության հեղինակազորման մասին» թիվ 60-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու, «Բեդլայն», «ԼԱՅՔՆԵՏ», «ՋՒԷՆ ՍԻՍԹԵՄՍ», «ԻՔՍ ԹԻՎԻ» և «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։
Նիստի օրակարգի հաստատումից հետո, ներկայացնելով «Բեդլայն», «ԼԱՅՔՆԵՏ», «ՋՒԷՆ ՍԻՍԹԵՄՍ», «ԻՔՍ ԹԻՎԻ» և «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը, Հանձնաժողովի ներակայցուցիչը նշեց, որ Հանձնաժողովն օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորների գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստեր։
Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում՝ կազմվել է արձանագրություն, այնուհետ՝ իրականացվել է նաև ցանցային օպերատորների գործունեության մշտադիտարկման արդյունքների արձանագրությունում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորների կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրություն, որի արդյունքում պարզվել է, որ Ընկերությունների կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում ներառված չեն մի շարք տեսալսողական ծրագրերը, որոնք փաստացի վերահաղորդվել են արձանագրությունը կազմելու պահին։
Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի համար պարտավորություն է սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործող Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը վերահաղորդել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա։ Այսպիսով, վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ խախտվել են Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները։
Ելնելով վերոգրյալից՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց Ընկերությունների նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Մեկ այլ որոշմամբ՝ Հանձնաժողովը հիմք ընդունելով «ՍՓՐԻՆԳ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» ՍՊ ընկերության՝ անվան փոփոխության մասին դիմումը` որոշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 6-ի ««ԻՐԻԴԱ ԳԼՈԲԱԼ» ՍՊ ընկերության հեղինակազորման մասին» թիվ 60-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ «ԻՐԻԴԱ ԳԼՈԲԱԼ» անվանումը փոխարինել «ՍՓՐԻՆԳ ԹԵՔՆՈԼՈՋԻՍ» անվամբ։