ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովը գումարել է նիստ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության (նոր անվանումը՝ «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ»ՍՊԸ) հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիան վերաձևակերպելու հայտի և «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո քննարկելով «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» Օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության «Նուռ» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթի պահանջի խախտման փաստ։

Հանձնաժողովի կողմից ըստ կազմված արձանագրության՝ իրականացվել է Հեռարձակողի կողմից հեռարձակվող «Նուռ» տեսալսողական ծրագրի` 2023 թվականի սեպտեմբերի 16-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ քվեարկության նախորդող օրը «Արմ լուր» լրատվական հաղորդման եթերում հեռարձակվել է «Նախընտրական քարոզարշավ․ «Հանուն սոցիալական արդարության» և «Ուժը հայրենյաց» կուսակցություններ» խորագրով նախընտրական քարոզչական նյութ։

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով՝ Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ և ծանուցել Հեռարձակողին։

Վարչական վարույթի շրջանակներում Հեռարձակողը Հանձնաժողով է ներկայացրել պարզաբանում, նշելով, որ ընդունել է իրենց կողմից Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի իրավախախտման փաստը՝ պատճառաբանելով, որ «Արմ լուր» լրատվական հաղորդման հեռարձակման ժամանակ ունեցել է տեխնիկական վրիպակ:

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ տեսալսողական մեդիածառայություն մատուցողներն ընտրությունների նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում տեսալսողական հաղորդումները պետք է հեռարձակեն ընտրությունների մասին օրենսդրությանը համապատասխան։ Հեռարձակողը պարտավոր էր պահպանել Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ դրույթի պահանջը՝ քվեարկության նախորդող օրը «Արմ լուր» լրատվական հաղորդման եթերում չպետք է հեռարձակեր «Նախընտրական քարոզարշավ․ «Հանուն սոցիալական արդարության» և «Ուժը հայրենյաց» կուսակցություններ» խորագրով նախընտրական քարոզչական նյութը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում:  

Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը՝ հիմք ընդունելով «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ»ՍՊ ընկերության հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիան վերաձևակերպելու մասին հայտը՝ բավարարել է Ընկերության հայտը և «ՖԱՍԹ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության անվամբ վերաձևակերպել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությանը 2023 թվականի սեպտեմբերի 22-ին տրամադրված ԵՀ N 352 լիցենզիան: