ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովն հրապարակել է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` «ՔԱՆԹՐԻՆԵԹ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի, «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման և տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ հարցերը։

Քննարկելով «ՏՈՏՈ ՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲ ընկերությունը Հանձնաժողով հասցեագրված դիմում–բողոքով տեղեկացրել է լսողական մեդիածառայություն մատուցող՝ լսողական ծրագրեր հեռարձակող «Տոտո Սպորտ» ՍՊ ընկերության կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Գովազդի մասին» օրենքի խախտումների մասին։ Ըստ Ընկերության` խախտվում է ոլորտի վերաբերյալ պետական քաղաքականությունը, իսկ Լսողական ծրագրեր հեռարձակողը իր գործունեությունը իրականացնում է ոլորտը կարգավորող իրավական ակտերը խախտելու, շրջանցելու միջոցով։ Ըստ Ընկերության Բողոքի՝ Լսողական ծրագրեր հեռարձակողի կողմից օգտագործվող ապրանքային նշանը շփոթելու աստիճան նման է վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերության՝ «Դիջիթեյն» ՍՊ ընկերության ապրանքային նշանին։ Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով և հիմք ընդունելով Ընկերության Բողոքը՝ լսողական ծրագրեր հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, այդ մասին ծանուցելով Լսողական ծրագրեր հեռարձակողին։ Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված և վարչական վարույթի մասնակիցների կողմից ներկայացրած փաստերը, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին», «Գովազդի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի դրույթները՝ որոշեց կարճել «Տոտո Սպորտ» ՍՊ ընկերության  նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

«ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցի ներկայացման ժամանակ նշվեց, որ Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության «Նոր Հայաստան» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթի պահանջի խախտման փաստ։

Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության դիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։ Ըստ կազմված արձանագրության՝ իրականացվել է Հեռարձակողի կողմից հեռարձակվող «Նոր Հայաստան» տեսալսողական ծրագրի 2023 թվականի սեպտեմբերի 01-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ եթերում «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» կուսակցության նախընտրական քարոզչական տեսալսողական հաղորդումը հեռարձակվել է առանց էկրանի վրա «Նախընտրական քարոզչություն» լուսագրի։

Հեռարձակողը Հանձնաժողով ներկայացրած իր պարզաբանմամբ հայտնել է, որ նշված ժամանակահատվածում նախընտրական քարոզչական նպատակով հեռարձակված նախընտրական քարոզչության գովազդի վրա անընդմեջ գրված է եղել «նախընտրական քարոզչություն» լուսագիրը, սակայն չի երևացել, քանի որ սպիտակ տառերով գրված լուսագիրը ձուլվել է տեսահոլովակի ընդհանուր սպիտակ ֆոնին ․․․։

Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության և համադրման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Հեռարձակողը «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» կուսակցության նախընտրական քարոզչական տեսալսողական հաղորդումը հեռարձակել Է առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ ուղեկցվող «Նախընտրական քարոզչություն» լուսագրի՝ խախտելով Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջը։ Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով սահմանված 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: 

Հանձնաժողովը ամփոփել և հրապարակել է Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքները և եզրակացությունը, որտեղ Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքներին զուգահեռ ներկայացվել է «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ծրագրի ուղիղ եթերում սեպտեմբերի 12-ին և սեպտեմբերի 14-ին կազմակերպված նախընտրական բանավեճերի մասին և այլ տեղեկատվություն։

Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը բավարարել է «ՔԱՆԹՐԻՆԵԹ» ՍՊ ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել ընկերությանը 2018 թվականին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան: