ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կարճվել է «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով հարցը Հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» Ընկերության դիմում-գանգատները, որտեղ նշված է եղել տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԷՖ ԹԻՎԻ» Ընկերության «Արարատ թիվի» տեսալսողական ծրագրի եթերում ոչ սեփական տեսալսողական հաղորդումներն (Ֆիլմերը) առանց դրա հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի հեռարձակելու փաստի վերաբերյալ։  

Ըստ Ընկերության դիմում-գանգատների՝ ֆիլմերի ցուցադրման բացառիկ իրավունքը ՀՀ տարածքում պատկանում է «Սոլիդ Փարթներ» Ընկերությանը, միաժամանակ հայտնելով, որ իր և Հեռարձակողի միջև Ֆիլմերի հեռարձակման իրավունքի տրամադրման լիցենզիոն պայմանագիր կնքված չէ, որը թույլ կտար վերջինիս հեռարձակել Ֆիլմերը։

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով և հիմք ընդունելով Ընկերության դիմում-գանգատը՝ Հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։  

Հեռարձակողը վարչական վարույթի վերաբերյալ Հանձնաժողով է ներկայացրել պարզաբանում, նշելով որ «ԷՖ ԹԻՎԻ» Ընկերությունը ֆիլմերի ցուցադրման իրավունքը ձեռք է բերել «Դիրեքտ ԹԻՎԻ» Ընկերությունից, որի վերաբերյալ կնքվել է պայմանագիր և որպես ապացույց ներկայացրել է կնքված պայմանագրի և հավելվածի պատճենները:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է վարչական վարույթի վերաբերյալ Ընկերության կողմից դիմում-գանգատների հետ ներկայացված հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի վերաբերյալ Հեռարձակողի կողմից ներկայացված պարզաբանումներն ու փաստարկները և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների դրույթներով և հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի դրույթները՝ որոշեց «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված  վարչական վարույթը կարճել: