ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Դիտորդ մարմինը եզրակացրել է, որ Հ2-ը խախտել է էթիկական կանոնները

Հայհոյախոսության և քրեական ենթամշակույթին բնորոշ ֆրազների ու ժեստերի հեռարձակումը հակասում է լրագրողական որակյալ աշխատանքի սկզբունքներին
Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը քննել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» 2023 թվականի մայիսի 23-ի «Լրաբեր» լրատվական հաղորդման 13։00-ի թողարկման ընթացքում հնչած առանձին արտահայտությունների վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի բողոքը և տվել իր եզրակացությունը։

Բողոքը, մասնավորապես, վերաբերել է հիշյալ թողարկման ընթացքում հաղորդավարի, նյութի հեղինակի և հաղորդման հյուրի՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հնչեցրած առանձին արտահայտություններին։ Ընդսմին, ժարգոնային արտահայտություններից զատ Արմեն Աշոտյանը նաև նյութի ընթացքում երեք անգամ ցույց է տվել այսպես կոչված՝ «երեք մատի կոմբինացիա»։
Բողոքի վերաբերյալ ԴՄ-ն ստացել է նաև Հ2-ի պարզաբանումը, որում, մասնավորապես, ասված է․ «Մեկ քաղաքական գործչի՝ մեկ այլ քաղաքական գործչին ուղղած քննադատությունը, թեև կոշտ, լիովին համապատասխանում է խոսքի ազատության հիմնարար սկզբունքի ոգուն և տառին»: Այսուհանդերձ, ԴՄ-ն Հ2-ի դեմ նախորդ բողոքների դեպքում էլ պարբերաբար շեշտել է, որ հայհոյախոսությանը և քրեական ենթամշակույթին բնորոշ ֆրազների ու ժեստերի հեռարձակումը հարիր չէ ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցին և հակասում է լրագրողական որակյալ աշխատանքի սկզբունքներին։

Հիմնվելով Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրի համապատասխան հոդվածների վրա՝ Դիտորդ մարմինը եզրակացրել է, որ Հ2 հեռուստաալիքը հիշյալ հաղորդման ընթացքում խախտել է Կանոնագրի մի քանի պահանջներ։ Դիտորդ մարմինը համարում է, որ սուր քաղաքական խոսքի բուն էությունը հնարավոր է փոխանցել առանց բողոքի առարկա դարձած արտահայտությունների, հայհոյանքների և վիրավորանքների։ Դրանով կապահովվեն և խոսքի ազատությունը, և՛ լրագրողական էթիկայի սկզբունքները։

Դիտորդ մարմինն արձանագրել է նաև, որ Հ2-ը, ըստ էության, չի կատարել Կանոնագրով ստանձնած՝ սեփական սխալներն ընդունելու և դրանք ուղղելու պարտավորությունը։