ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովում ընդունվել են մի շարք որոշումներ

Այսօր՝ հուլիսի 07-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ», «ԱՐԱՑ», «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ», «ԱԳԱՐԱԿ-ՏՎ» և «ԱՐՏ ԹԻՎԻ ՆԵԹ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման և «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 22-ի թիվ 44-Ա որոշման դեմ ներկայացված վարչական բողոքի քննության փուլի վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո, ներկայացնելով օրակարգային հարցերը Հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս արձանագրվել է «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ», «ԱՐԱՑ», «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ», «ԱԳԱՐԱԿ-ՏՎ» և «ԱՐՏ ԹԻՎԻ ՆԵԹ» ՍՊ ընկերությունների կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ընթացքում Օրենքի դրույթների խախտման փաստեր։ Միաժամանակ նշվեց, որ «ԱՐԱՑ» ընկերությունում Հանձնաժողովի աշխատակիցների կողմից տեղում դիտարկում իրականացնելու ընթացքում Ցանցային օպերատորի գործունեության հասցեում իրականացված գործունենության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է, ցանցային օպերատորի ղեկավարի կամ ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձի դիտարկման վայրում չլինելու փաստ։

Հանձնաժողովի ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության կողմից իրականացվել է ընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքների արձանագրություններում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորների կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերի համադրություն, որի արդյունքում պարզվել է, որ ընկերությունների կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկերում, բացի փաստացի վերահաղորդվող ծրագրերից, առկա են նաև մի շարք տեսալսողական ծրագրեր, որոնք փաստացի վերահաղորդվել են արձանագրությունը կազմելու պահին։

Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ Ընկերությունների կողմից իրականացվել է  առանց պայմանագրերի վերահաղորդում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի դրույթներով՝ Հանձնաժողովը  որոշեց «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ», «ԱՐԱՑ», «ՄԵԳԱՆԵՏ ԷՅՉ ԴԻ», «ԱԳԱՐԱԿ-ՏՎ» և «ԱՐՏ ԹԻՎԻ ՆԵԹ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված վարչական տույժը, տուգանելով սահմանված  50000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Օրակարգային վերջին հարցի ներկայացմամբ նշվեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ուսումնասիրելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից 2023 թվականի հունիսի 26-ին Հանձնաժողով մուտքագրված վարչական բողոքը, պարզել է, որ բողոքաբերը, Հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 22-ի «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» թիվ 44-Ա որոշման դեմ, ներկայացրել է վարչական բողոք:

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով՝ Բողոքաբերի կողմից Վարչական ակտի դեմ բերված վարչական բողոքն ընդունել է վարույթ, այդ մասին ծանուցելով ցանցային օպերատորին։

Հարուցված  վարչական բողոքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված լրացուցիչ ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում, ինչպես նաև սույն գործի հետ կապված փաստական հանգամանքների գնահատման արդյունքում, Հանձնաժողովը արձանագրում է, որ վարչական վարույթի իրականացման ժամանակահատվածում, ինչպես նաև վարչական բողոքի շրջանակներում ներկայացված նույն ապացույցներն են, որոնք ներկայացվել էին դեռևս վարչական վարույթի շրջանակներում, արձանագրելով, որ ցանցային օպերատորի կողմից Օրենքի խախտում թույլ չի տրվել։  

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց մերժել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության վարչական բողոքը՝ անփոփոխ թողնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 22-ի թիվ 44-Ա որոշումը: