ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ցանցային օպերատորների նկատմամբ կիրառվել են տուգանքներ

Այսօր՝ հունիսի 22-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՆԳԵՂ-ՏՎ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՖԱԿՏՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումների, «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 297 լիցենզիան վերաձևակերպելու և լիցենզիայի կրկնօրինակը տրամադրելու հայտի, «ԲԱԳԵՏ» և «ՀԱՃԸՆ-ԻՍՊ» ՍՊ, «ԿԱՐԵՆ ՔԱՋԻԿԻ ԱՎԱԳՅԱՆ» ԱՁ-ի և «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով «ԲԱԳԵՏ» և «ՀԱՃԸՆ-ԻՍՊ» ՍՊ ընկերությունների և «ԿԱՐԵՆ ՔԱՋԻԿԻ ԱՎԱԳՅԱՆ» ԱՁ-ի նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը, նշվեց, որ Հանձնաժողովը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս, հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող Ընկերությունների կողմից՝ մի շարք տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելու Օրենքի դրույթի պահանջի խախտման փաստը։

Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ցանցային օպերատորների հեռարձակող կայանում իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «ԲԱԳԵՏ», «ՀԱՃԸՆ ԻՍՊ» ընկերությունների և «ԿԱՐԵՆ ՔԱՋԻԿԻ ԱՎԱԳՅԱՆ» ԱՁ-ի կողմից վերահաղորդվվել են մի շարք տեսալսողական ծրագրեր։ Հանձնաժողովի կողմից իրականացվել է նաև ցանցային օպերատորների գործունեության մշտադիտարկման արդյունքների արձանագրությունում նշված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորների կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրություն։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում «ԲԱԳԵՏ» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել իր ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի թարմացված ցանկը, պարզաբանմամբ հայտնելով, որ իր ցանցում ընթանում են պրոֆիլակտիկ աշխատանքներ՝ կապված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի վերադասավորման և ցանցում տեսալսողական ծրագրերի ավելացման հետ, իսկ «ՀԱՃԸՆ ԻՍՊ» ընկերությունը ներկայացրել է պարզաբանում, նշելով, որ տեղեկություն տալու պահին տեխնիկական պատճառներից ելնելով հնարավոր չէր վերահեռարձակել նշված ալիքները, քանի որ վերոհիշյալ ալիքները ընկերությունը ստանում է ինտերնետի միջոցով, այդ պատճառով նշված ալիքները չեն ընդգրկվել ցանկում։ «ԿԱՐԵՆ ՔԱՋԻԿԻ ԱՎԱԳՅԱՆ» Ա/Ձ-ի կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում առկա չեն եղել մի շարք տեսալսողական ծրագրեր, որոնք փաստացի վերահաղորդվել են արձանագրությունը կազմելու պահին։

Վարչական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ ցանցային օպերատորների կողմից իրականացվել է իրավախախտում, որը համապատասխանում է Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի հատկանիշներին։ Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԲԱԳԵՏ» և «ՀԱՃԸՆ ԻՍՊ» ՍՊ ընկերությունների և «ԿԱՐԵՆ ՔԱՋԻԿԻ ԱՎԱԳՅԱՆ» Ա/Ձ-ի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

«ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ նշվեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության դիմումը, որտեղ նշված է ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթի պահանջի խախտման փաստի վերաբերյալ։ Դիմումով Հեռարձակողը տեղեկացնում է, որ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությունը տեսալսողական ծրագրերի դասավորվածությունը կատարել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջի խախտմամբ՝ առաջնահերթությունը տալով «Արմենիա Պրեմիում» տեսալսողական ծրագրին:  Նշելով, որ ցանցային օպերատորը 0 թվանշանի ներքո հեռարձակում է «Արմենիա Պրեմիում» տեսալսողական ծրագիրը, որին հաջորդում է Հանրային հետարձակողի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության «Առաջին ալիք» տեսալսողական ծրագիրը՝ 1 թվանշանի ներքո։

Հարուցված վարչական վարույթի ընթացքում Ցանցային օպերատորը Հանձնաժողով է ներկայացրել գրավոր բացատրություն, նշելով, որ մատնանշված խնդրի մասին Ընկերությունը քաջատեղյակ է և ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները այն կարգավորելու համար։ Մասնավորապես, Ընկերությունը բանակցություններ է վարել «Արմենիա Պրեմիում» տեսալսողական ծրագիրը հեռարձակող «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության հետ և կարգավորել է մատնանշված խնդիրը։ Միաժամանակ տեղեկացնելով․ որ հունիսի 09-ից սկսած, Ընկերությունը հեռարձակումը սկսել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրից։

Այսպիսով, վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կարճել «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

Քննարկելով «ԱՆԳԵՂ-ՏՎ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՖԱԿՏՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումների և «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 297 լիցենզիան վերաձևակերպելու վերաբերյալ հայտը, Հանձնաժողովը որոշեց բավարարել դիմումները և ուժը կորցրած ճանաչել «ԱՆԳԵՂ-ՏՎ» ՍՊ ընկերությանը 2015 թվականի դեկտեմբերի 28-ին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան և «ՖԱԿՏՈՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությանը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին տրամադրված հեղինակազորման վկայագիրը։

Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը բավարարեց «ԱՐՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հայտը՝ անվանման փոփոխության հիմքով վերաձևակերպել 2021 թվականի հունվարի 20-ին տրամադրված լիցենզիան և տրամադրել կրկնօրինակը: