ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառվել են տուգանքներ

Այսօր՝ ապրիլի 26-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում 13 (տասներեք) հարց՝ «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության` ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի, «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ և «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերությունների ցանցային օպերատորի գործունեության լիցենզիաները վերաձևակերպելու, «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ», «ՍՄԱՅԼ ՍԻՍՏԵՄՍ» և «ԿԻՄ-ՌԱՅ» ՍՊ ընկերություննների հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիաները վերաձևակերպելու, «ԷՅ ԴԻ ԹԻ» ՍՊ ընկերության ռադիոծրագրի եթերային հեռարձակման լիցենզիան վերաձևակերպելու, «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերության լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիան վերաձևակերպելու հայտերի, «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ», «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ», «ՌԱԴԻՈ ՎԱՆ», «ՄԱՅ ՆԵՏ» և «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ  վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով օրակարգային հարցերը նշվեց, որ Հանձնաժողովը «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ»,  «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ», «ՌԱԴԻՈ ՎԱՆ», «ՄԱՅ ՆԵՏ» և «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ՍՊ ընկերությունների մոտ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ հայտնաբերել է Օրենքի պահանջի և «Գովազդի մասին» օրենքով ամրագրված գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտման փաստեր։

Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր հանդիսացող «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ  ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունը (այսուհետ` դիստրիբյուտոր) գործել է առանց «СуперГерой» տեսալսողական ծրագիրը ներառող ծանուցում ներկայացնելու՝ խախտելով Օրենքի դրույթի պահանջը։ «ԷՉՆԵԹ» ՍՊ ընկերությունը (այսուհետ` ցանցային օպերատոր) Հանձնաժողով ներկայացրել է տեղեկություն՝ իր ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի մասին: Նշված ցանկում ներառված է նաև «СуперГерои» տեսալսողական ծրագիրը և որպես իրավատեր նշված է «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունը։  Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ դիստրիբյուտորը  Հանձնաժողով չի ներկայացրել նոր որպես զանգվածային լրատվության միջոց գրանցված  «Канал Малыш»  տեսալսողական ծրագրի ծանուցում (բրենդային անվանումը՝ «СуперГерои»), Օրենքով սահմանված ժամկետում Հանձնաժողովը չի հաստատել նշված ծանուցումը և ցանցային օպերատորի հետ  կնքելով  Լիցենզիոն համաձայնագիրը, գործունեություն է իրականացրել առանց Հանձնաժողով տեսալսողական ծրագիրը ներառող ծանուցում ներկայացնելու։

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 25-րդ մասը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։

Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» և «ՌԱԴԻՈ ՎԱՆ» ՍՊ ընկերությունների կողմից հեռարձակվող «Քիսս Էֆ Էմ» և «Ռադիո Վան» լսողական ծրագրերի եթերում «Գովազդի մասին» օրենքի դրույթի պահանջի և օրենքով ամրագրված գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտման փաստեր:

Վարչական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում, ինչպես նաև հիմք ընդունելով Հեռարձակողների կողմից ներկայացված պարզաբանումներն ու փաստարկները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՔԻՍՍ ԷՖ ԷՄ» և «ՌԱԴԻՈ ՎԱՆ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված վարչական տույժը, տուգանելով սահմանված 500․000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Ներկայացնելով «ՄԱՅ ՆԵՏ» և «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» Ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը նշվեց, որ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող ընկերությունների ղեկավարներին ներկայացվել է գրություն և պահանջվել Հանձնաժողով ներկայացնել վերահաղորդվող տեսալսողական ծրագրի վերաբերյալ տեղեկություններ: Չնայած գրությունում հստակ սահմանված էր պատասխան ներկայացնելու ժամկետը՝ 2023 թվականի մարտի 20, Ընկերությունները գրությանը պատասխանել են ժամկետանց՝ 2023 թվականի ապրիլի 06-ին:

Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, առաջնորդվելով գործում առկա և ներկայացված ապացույցներով, ամրագրում է, որ Ցանցային օպերատորների կողմից կատարվել է Օրենքի դրույթների խախտում:

Ելնելով վերոգրյալից՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄԱՅ ՆԵՏ» և «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 27-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով սահմանված 500․000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

Անդրադառնալով օրակարգային հաջորդ հարցերի քննարկմանը Հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել «ՄԻՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա, միաժամանակ բավարարելով «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ, «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ», «ՍՄԱՅԼ ՍԻՍՏԵՄՍ», «ԿԻՄ-ՌԱՅ», «ԷՅ ԴԻ ԹԻ» և  «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ՍՊ ընկերություննների հայտերը և վերաձևակերպել տրամադրված լիցենզիաները։