ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

«Կենտրոն» և «Կոտայք Թի Վի» տեսալսողական ծրագրերի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ

Այսօր՝ ապրիլի 10-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐԵՎ ՏԵԼԵԿՈՄ» և «ԹԵՎ» ՍՊ ընկերությունների հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիաների գործողությունները դադարեցնելու, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» և «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ»ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Իրավաբանական և լիցենզավորման վարչության ներկայացուցիչը ներկայացնելով «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ և «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ»ՍՊ ընկերություննների նկատմամբ վարչական ակտեր ընդունելու վերաբերյալ հարցերը նշեց, որ Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում «Կենտրոն» տեսալսողական ծրագրի  եթերում արձանագրվել է «Գովազդի մասին» օրենքով ամրագրված միայն օտար լեզվով գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտման, իսկ «Կոտայք Թի Վի» տեսալսողական ծրագրի ընթացքում «Գովազդի մասին» օրենքի պահանջի խախտման փաստեր:  

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերությունը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ Հանձնաժողով ներկայացրած իր պարզաբանմամբ հայտնել է, որ Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի դրույթներին համապատասխան՝ քաջատեղյակ է «Գովազդի մասին» օրենքի պահանջներին, պահպանում է բոլոր կանոնները, ըստ այդմ ունենալով մեկ նկատառում՝ ցուցադրված գովազդային հոլովակի սկզբում հեռարձակվել է հայերեն լեզվով և վերջում գրվել է հայատառ, ցավոք սրտի հոլովակի մեջտեղի հատվածում առաջացել է ծրագրային խնդիր, որի պատճառով հայատառ ենթագրերը դուրս են մնացել հոլովակից։

Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում ամրագրում է, որ ՀՀ-ում գովազդի լեզուն գրական հայերենն է և որ ՀՀ տարածքում միայն օտար լեզվով գովազդն արգելվում է։ Սույն դրույթը չի տարածվում օտար լեզուներով գրանցված ապրանքային նշանների և մակնիշների վրա:

Այսպիսով, վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության և համադրման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ Հեռարձակողը գովազդը հեռարձակելիս, ներկայացված ապրանքի մասին տեղեկության տարածումն իրականացրել է միայն ռուսերն լեզվով՝  խախտելով «Գովազդի մասին» օրենքի պահանջները։

Անդրադառնալով «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ»ՍՊ ընկերության եթերում արձանագրված խախտմանը, նշվեց, որ «Drive news» տեսալսողական հաղորդման ընթացքում գովազդվել է «Adjarabet.am»-ը, իսկ Ընկերության ներկայացուցիչը իր պարզաբանման մեջ նշեց, որ արձանագրված խախտումը սխալմամբ այլ հաղորդման հեռարձակման արդյունք է, որ տվյալ հաղորդումը նկարահանվել է 2019 թվականին և արխիվացվել «Կոտայք Թի Վի» հեռուստաընկերության տեսադարանում: Միաժամանակ նշելով, որ Հեռարձակողը, գիտակցելով օրենքի խախտման պատասխանատվության լրջությունը, չցանկանալով դիտավորությամբ որևէ կերպ խախտել «Գովազդի մասին» օրենքի համապատասխան հոդվածը, հայցում է Հանձնաժողովի ներողամտությունը։

Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և  «Գովազդի մասին» օրենքների դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ և «ԿՈՏԱՅՔ ԹԻ ՎԻ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված վարչական տույժը՝ տուգանելով սահմանված 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:  

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը ներկայացնելիս նշվեց, որ Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի եթերում Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված դրույթի պահանջի խախտման փաստ:

Ըստ արձանագրության, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի «ՊՐՈՖ ՖԱԿՏ» հաղորդման շրջանակներում հաղորդման հյուրի կողմից հնչել են արտահայտությունները` «․․․Անկախ այն բանից, որ իրենք գիտակցում են թե չեն գիտակցում, բայց դավաճանվում է հայությանը և Հայաստանին, այդ իսկ պատճառով իրենք պետք է, իրենք նախ և առաջ չեն գիտակցում, բայց իրենք պետք է իմանան, որ իրենց բավականին դաժան պատիժ է սպասվելու։ Իրենց ոչ մեկը ոչ թե չի ներելու, այլ իրենց ընտանիքին էլ չեն ներելու։ Ես կարծում եմ, որ նորից պետք է հին ավանդական մոտեցումը հայկականը վերածնվի և նորից սկսեն դավաճաններին իրենց ընտանիքների հետ վերացնել։ Սա միակ ճանապարհն է, որ կարող է Հայաստանը նորից Հայաստան դառնա ․․․»։

Հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթով, դիմել է ՀՀ դատախազություն, ներկայացրել նշված իրավախախտման վերաբերյալ տեսագրությունը՝ համապատասխան ընթացք տալու համար։ 2023 թվականի ապրիլի 3-ին Հանձնաժողով է ստացվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ և 300-րդ հոդվածներով սահմանված կարգով քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելու մասին գրությունը, արձանագրված, որ հաղորդմամբ չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 329-րդ և 330-րդ հոդվածներով նախատեսված արարքներին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: 

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում վերը նշված հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել, այսինքն՝ համապատասխան մարմինների կողմից չի հայտնաբերվել և փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով, ուստի վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է, որ վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայության հիմքով Հեռարձակողի նկատմամբ հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման:

Քննարկելով «ԱՐԵՎ ՏԵԼԵԿՈՄ» և «ԹԵՎ» ՍՊ ընկերությունների հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիաների գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հարցերը Հանձնաժողովը որոշեց բավարարել դիմումատուների պահանջը և ուժը կորցրած ճանաչել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիանները: