ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սահմանվել է լսողական ծրագրի մարզային մրցույթի նիստի վերսկսման օրը

Այսօր, մարտի 27-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու և «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ հարցերը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը որոշեց լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի նիստի վերսկսման օր է սահմանվել 2023 թվականի ապրիլի 3-ը (ժամը 12։00-ին), որի ընթացքում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:

Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին, նշվեց, որ «ԹԻ ՎԻ ԿՈՆՏԵՆՏ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել «Baby Time» և «Известия» տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցում։ Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Baby Time» ծրագրի մասով ներկայացված փաստաթուղթն ամբողջական է, ինչպես նաև նրանում թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տվյալներ չեն հայտնաբերվել: Իսկ «Известия» տեսալսողական ծրագրի իրավատիրոջ կողմից ՀՀ տարածքում ներկայացված ալիքի տարածման թույլտվության տրամադրման իրավական հիմքերը ծանուցմամբ չի ներկայացրել Հանձնաժողով և չի հանդիսանում Հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող դիստրիբյուտոր, հետևաբար ՀՀ տարածքում «Известия» տեսալսողական ծրագրի տարածման իրավատեր չէ։ Ներկայացված պայմանագիրն ամբողջական չէ։

Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթները և կարևորելով հեղինակային և հարակից իրավունքի սուբյեկտ հանդիսացող իրավատերերի իրավունքների պաշտպանությունը, Հանձնաժողովը որոշում է կայացրել Դիստրիբյուտորի ծանուցումը «Baby Time» ծրագրի մասով հաստատել, իսկ «Известия» ծրագրի մասով մերժել՝ թերի լինելու հիմքով: