Այսօր, դեկտեմբերի 6-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը։
Ներկայացնելով հարցը նշվեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ուսումնասիրելով դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի նյութերըպարզել է, որ Հանձնաժողով մուտքագրված «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերության դիմումում նշված է ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության կողմից առանց նախապես իրավատիրոջ թույլտվության ձեռքբերման իր տեսավարձույթ ծառայության տեսացանկում բաժանորդներին հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող կինո-հեռուստաֆիլմ տրամադրելու փաստի վերաբերյալ։
Ըստ Իրավատիրոջ՝ ցանցային օպերատորն առանց իրավատիրոջ համաձայնության իր տեսավարձույթ ծառայության տեսացանկում բաժանորդներին առաջարկել է ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱՐՐԸ («ПЯТЫЙ ЭЛЕМЕНТ» «LE CINQUIEME ELEMENT») կինո-հեռուստաֆիլմը։ Միաժամանակ տեղեկացնելով, որ հանդիսանում է նշված ֆիլմի ՀՀ տարածքում տեսավարձույթի միջոցով (SVOD) ցուցադրության բացառիկ իրավատերը։
Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով և հիմք ընդունելով Իրավատիրոջ դիմումը՝ ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, ծանուցել ցանցային օպերատորին:
Հարուցված վարչական վարույթի ընթացքում ցանցային օպերատորի կողմից ներկայացվել է պարզաբանում, որտեղ նշվել է, որ ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերության պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Ընկերության կողմից տեսավարձույթ ծառայության տեսացանկում բաժանորդերին չի առաջարկվել «Հինգերորդ տարրը» ֆիլմը։ Նշելով, որ քննարկվող հարցի վերաբերյալ «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերությունը նախապահանջ է ուղղել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերությանը և վերջինս հայտնել է, որ «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում նախապահանջի հասցեատեր։
Ցանցային օպերատորը մանրամասն ներկայացնելով հարցի վերաբերյալ իր պարզաբանումը նշել է, որ «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերությունը Հանձնաժողով 2022 թվականին մուտքագրված դիմումով տեղեկացրել է, որ իրեն է պատկանում «Հինգերորդ տարրը» կինոհեռուստաֆիլմի Հայաստանի Հանրապետության տարածքում ցուցադրման իրավունքը և խնդրել կարճել հարուցված վարույթը։
Հանձնաժողովն ուսումնասիրել է վարչական վարույթի մասնակիցների կողմից ներկայացրած փաստերը, համադրել Իրավատիրոջ կողմից Հանձնաժողով ներկայացված ապացույցների հետ և հաշվի առնելով այն փաստը, որ ցանցային օպերատորի կողմից տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող օրենսդրության խախտում չի իրականացվել, ուստի վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում արձանագրում է, որ վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայության հիմքով ցանցային օպերատորի նկատմամբ հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման: