ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ-ն ԸՆՏՐՎԵԼ Է REFRAM-ի ԱՆԴԱՄ

Հոկտեմբերի 7-ին Փարիզում կայացած Ֆրանկոֆոն երկրների մեդիա կարգավորողների ֆորումի (REFRAM) 7-րդ կոնֆերանսում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ընտրվել է REFRAM-ի լիիրավ անդամ։ ՀՌՀ-ի Ֆորում ընտանիքին միանալու որոշումն ընդունվել է միաձայն՝ 30 անդամ պետությունների կարգավորող մարմինների բոլոր ղեկավարների կողմից։ 

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ստացել էր REFRAM-ի նախագահ պարոն Նուրի Լաջմիի հրավերը մասնակցելու կոնֆերանսի աշխատանքներին, սակայն հանրային մուլտիպլեքսում սլոթերի հատկացման մրցութային գործընթացի մեկնարկը թույլ չտվեց   նրան մեկնելու Փարիզ։ Կոնֆերանսի ընթացքում Հայաստանի մեդիա կարգավորողին ներկայացրել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը։

Հանձնաժողովը բարձր է գնահատում REFRAM-ին իր անդամակցությունը, ինչը նրան հնարավորություն կտա գործնական, մասնագիտական կապեր հաստատելու ինչպես այդ հեղինակավոր կազմակերպության, այնպես էլ անդամ երկրների կարգավորող մարմինների հետ:

Շնորհակալություն ենք հայտնում REFRAM-ին և ֆորումի անդամ 30 կարգավորող մարմիններին Հանձնաժողովի դիմումին դրական պատասխան տալու և կազմակերպությանն անդամակցելու որոշման համար: