Այսօր՝ օգոստոսի 10-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը (2022 թվականի հունիսի 21-ի վերսկսված նիստ) և հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ հարցերը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի տարածքում սփռման մրցույթի մասնակիցներին:
Վարկանիշային քվեարկության արդյունքում մասնակցության համար հայտ ներկայացրած «ՏՈՍՊԱ» ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՓԲ և «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունները ստացել են համապատասխանաբար 65 և 91 միավոր:
Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերի տարածքում սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը:
Անդրադառնալով օրակարգային հաջորդ հարցին և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 2021 թվականի ապրիլի 2-ի վճիռը (ՀՀ վճռաբեկ դատարանի 2022 թվականի հուլիսի 20-ի որոշում)` Հանձնաժողովը 2022 թվականի օգոստոսի 10-ին հայտարարում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք: