ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում

Այսօր, հուլիսի 14-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐՄԵՆԻԱ-ԹԻ-ՎԻ» ՓԲ և «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:

Օրակարգի հաստատումից հետո քննարկելով օրակարգային հարցերը նշվեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերությանդիմում-գանգատները, որտեղ նշված է «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ և «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերությունների կողմից ոչ սեփական տեսալսողական հաղորդումներն առանց դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի հեռարձակելու փաստի վերաբերյալ։  

Ըստ Ընկերության՝ Հեռարձակողների կողմից առանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի «Սինեման» և «Կինոման» տեսալսողական ծրագրերով հեռարձակվել են ֆիլմեր, որոնց Հայաստանի Հանրապետությունում տարածելու բացառիկ իրավունքը պատկանում է  «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ընկերությանը։ Դիմումում նշված է նաև, որ Ընկերության և Հեռարձակողների միջև ոչ սեփական տեսալսողական հաղորդումների հեռարձակման իրավունքի տրամադրման լիցենզիոն պայմանագիր կնքված չէ, որը թույլ կտար Հեռարձակողներին ՀՀ տարածքում հեռարձակել Ֆիլմերը:

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով և հիմք ընդունելով Ընկերության դիմումները՝ Հեռարձակողների նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ, որի ընթացքում «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերությունը գրավոր պարզաբանում չի ներկայացրել, իսկ «ՓԻ ԲԻ ՍԻ»-ն իր պարզաբանման մեջ նշել է, որ 2022 թվականի հունվարի 03-ին «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության և «Tama Group Incorporated»-ի միջև կնքվել է Լիցենզիայի պայմանագիր, համաձայն որի վերջինս Հեռարձակողին է փոխանցել՝ ցուցադրված ֆիլմերի հեռարձակման իրավունքը և գրությանը կից ներկայացրել է կնքված Լիցենզիայի պայմանագրի պատճենը։

Այսպիսով, վարչական վարույթների քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է, որ համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ ոչ սեփական տեսալսողական հաղորդումները կարող են հեռարձակվել միայն դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում, սակայն «ԱՐՄԵՆԻԱ-ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության կողմից ոչ սեփական տեսալսողական հաղորդումն առանց դրա հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի հեռարձակելու փաստ է արձանագրվել։ Հեռարձակողի կողմից իրականացվել է իրավախախտում և ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի դրույթները՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ  ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՓԻ ԲԻ ՍԻ» ընկերության՝ Հեռարձակողի կողմից ոչ սեփական տեսալսողական հաղորդումը՝ Ֆիլմերը հեռարձակվել են դրա հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթի առկայությամբ և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց կարճել «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։