ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տուգանվել է «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ընկերությունը

Այսօր, հուլիսի 4-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի և «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս արձանագրել է լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ ՀԱՅ» ՍՊ ընկերության (Հեռարձակող) կողմից իր «Ռադիո Հայ» լսողական ծրագրի եթերում «Գովազդի մասին» օրենքով ամրագրված վիճակախաղերի գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտում։ Հարուցված վարչական վարույթի քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ «Գովազդի մասին» օրենքով տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար վիճակախաղի գովազդն արգելող դրույթ է  սահմանված՝ մասնավորապես՝ արգելվում է վիճակախաղի գովազդը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո, սակայն Հեռարձակողի կողմից չեն պահպանվել Օրենքով ամրագրված վիճակախաղի գովազդի հեռարձակման սահմանափակումները՝ դրանով իսկ խախտելով «Գովազդի մասին» օրենքի պահանջը:

Ընկերությունն  իր գրավոր պարզաբանման, ինչպես նաև նիստի ժամանակ բանավոր բացատրությամբ անդրադարձել է մշտադիտարկման իրականացման ժամանակահատվածում

լրատվական թողարկումից առաջ հեռարձակված վիճակախաղերի գովազդներին, միաժամանակ անհամաձայնություն հայտնելով գովազդը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո թողարկելու մասին Հանձնաժողովի դիտարկմանը, նշելով, որ Ընկերության կողմից պահպանվել է «Գովազդի մասին» օրենքի դրույթը։

Սակայն փաստենք, որ Հեռարձակողի կողմից ներկայացված բացատրությունները և պարզաբանումները հիմնավոր և բավարար չեն, քանի որ «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն վիճակախաղի գովազդումն արգելվում է լրատվական թողարկումների ընթացքում։

Այսպիսով, Հանձնաժողովը փաստեց, որ Հեռարձակողի կողմից իրականացվել է իրավախախտում և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների դրույթներով որոշեց «ՌԱԴԻՈ ՀԱՅ» Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Մեկ այլ որոշմամբ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը բավարարել է «ԱՌԱՋԻՆ ԱԼԻՔ» ընկերության հայտը և հեղինակազորել՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: