Հունիսի 30-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության՝ Ապարան քաղաքում հատկացված 90.7 ՄՀց հաճախականությունը փոխելու, «ԱՐՄՔՈՄ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների, «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 3-ի թիվ 1-Ա որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ կատարելու մասին հարցերը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի իրավական ապահովման բաժնի պետը ներկայացնելով «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը նշեց, որ Հանձնաժողովը իր վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՇԱՐԿ» ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 10-րդ հոդվածի, 7-րդ մասի խախտման, ինչպես նաև «ՇԱՐԿ» ընկերության լիցենզիայի պայման հանդիսացող՝ հայտով նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթին համապատասխան չգործելու փաստեր։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում և տեսագրության մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից «Հայլուր» լրատվական թողարկումների ժամանակ նույն թեմայի մասին լուսաբանումը՝ ընդդիմության ակցիաների, այդ թվում՝ երթերի, ելույթների, հանրահավաքների վերաբերյալ կազմել է՝ 47%-ից մինչև 91,6 %, որի թույլատրելի սահմանը օրենքով պետք է կազմի հաղորդման եթերաժամի 25 %-ը, ինչպես նաև լրատվական, հասարակական-քաղաքական և վերլուծական ուղղվածության հաղորդումներում չի ապահովել բազմակարծության սկզբունքը, բազմակողմանի լրատվությունը, ինչպես նաև չի առաջնորդվել լրատվության անաչառության, բազմակարծության և անկողմնակալության ապահովման գերակա սկզբունքով:
Ընկերությունը իր գրավոր պարզաբանման, ինչպես նաև նիստի ժամանակ բանավոր խոսքում հայտնել է, որ մշտադիտարկման իրականացման ժամանակահատվածում հնարավոր է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի որոշ հոդվածների խախտման հատկանիշներ, և որ արձանագրության մեջ գրված դիտողությունների որոշ մասի հետ համաձայն են և կփորձեն շտկել, իսկ արձանագրության մեջ ձևակերպված որոշ փաստերի հետ ունի անհամաձայնություն:
Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում Հանձնաժողովը խիստ կարևոր է համարում այն հանգամանքը, որ Ընկերությունը Հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ է, որը կազմում և սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար և պարտավոր է պահպանել տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները, իսկ օրենքի դրույթները խախտելու դեպքում կրել պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով, ուստի, oրենքի պահանջի չկատարումն ինքնին բերում է պատասխանատվության:
Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է Հեռարձակողի կողմից իրականացված երկու իրավախախտում: Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մի շարք դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՇԱՐԿ» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը հաղորդման եթերաժամի 25 տոկոսը գերազանցելու պահանջը խախտելու համար և «ՇԱՐԿ» ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 29-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Քննարկելով «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության՝ Ապարան քաղաքում հատկացված հաճախականությունը փոխելու վերաբերյալ դիմումը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գրությունը՝ Հանձնաժողովը որոշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 50-Ա որոշմամբ «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ընկերությանը Ապարան քաղաքում հատկացված 90.7 ՄՀց հաճախականությունը փոխարինել 95.1 ՄՀց հաճախականությամբ:
Հանձնաժողովը որոշել է բավարարել «ԱՐՄՔՈՄ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը և ուժը կորցրած ճանաչել «ԱՐՄՔՈՄ» ընկերությանը 2019 թվականին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 266 լիցենզիան: