ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սահմանվել է մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օրը

Այսօր՝ մայիսի 17-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու, «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման, «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 08-ի թիվ 51-Ա որոշման դեմ ներկայացված վարչական բողոքի, «ԿՈԼՄԵՆԱ», «ՔԱՆԹՐԻՆԵԹ» և «ՄԵԴԻԱ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:

Օրակարգի հաստատումից և առաջին հարցը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը որոշեց հրապարակել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների ցանկը և մրցույթի մասնակիցների հայտերի հրապարակման օր սահմանել 2022 թվականի մայիսի 20-ը:

Անդրադառնալով «ԱՄԵԴԻԱ» ընկերության կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 08-ի թիվ 51-Ա որոշման դեմ ներկայացված վարչական բողոքին նշվեց, որ «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը (դիստրիբյուտոր) վարչական բողոք է ներկայացրել Հանձնաժողովի կայացրած որոշման դեմ, նշելով, որ Հանձնաժողովը բավարար չափով չի գնահատել ներկայացված ապացույցները, ուստի չի ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, խնդրելով վերացնել Հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 08-ին ընդունած թիվ 51-Ա որոշումը և կարճել դիստրիբյուտորի նկատմամբ հարուցված վարչական վարույթը:

Վարչական բողոքի նյութերի ուսումնասիրության և համադրման արդյունքում՝ առաջնորդվելով գործում առկա փաստերով, Հանձնաժողովն ամրագրել է, որ Հանձնաժողովն Օրենքով վերապահված իր վերահսկողական լիազորություններն իրականացրել է իրավաչափ, իսկ դիստրիբյուտորի կողմից վարչական բողոքի շրջանակում լրացուցիչ ապացույցներ և փաստեր չեն ներկայացվել: Հետևաբար ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի       դրույթները, Հանձնաժողովը որոշեց մերժել «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության վարչական բողոքը՝ անփոփոխ թողնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 08-ի թիվ 51-Ա որոշումը:

Ներկայացնելով «ԿՈԼՄԵՆԱ», «ՔԱՆԹՐԻՆԵԹ» և «ՄԵԴԻԱ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ հեղինակազորված ընկերությունների (այսուհետ` Հեռարձակողներ) կողմից իրենց 2021 թվականի հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկությունը մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը Հանձնաժողով չի ներկայացվել։

Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության և համադրման արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ Օրենքով Հեռարձակողների և օպերատորների համար պարտավորություն է սահմանված՝ յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 1-ը Հանձնաժողովին ներկայացնել նախորդող տարվա հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկություն, սակայն Հեռարձակողների կողմից չեն պահպանվել Օրենքի պահանջը և Օրենքով սահմանված ժամկետում Հանձնաժողով չեն ներկայացվել տեղեկությունը, դրանով իսկ խախտելով Օրենքի պահանջը։

Հանձնաժողովը ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով որոշեց «ԿՈԼՄԵՆԱ», «ՔԱՆԹՐԻՆԵԹ» և «ՄԵԴԻԱ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունների  նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը հաստատել է «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրի վերաբերյալ ծանուցումը: