ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովում գումարվել է նիստ

Այսօր՝ մայիսի 6-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԻՐԻԴԱ ԳԼՈԲԱԼ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի, «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» և «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «ՓԻ ԲԻ ՍԻ», «ՄԵԳԱԹԻՎԻ» և «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:

Ներկայացնելով «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը նշվեց, որ Հանձնաժողով մուտքագրված «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերության (դիստրիբյուտոր) դիմում-գանգատում նշված է «ՓԻ ԲԻ ՍԻ» ընկերության (Հեռարձակող) կողմից ոչ սեփական տեսալսողական հաղորդումն առանց դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի հեռարձակելու փաստի վերաբերյալ։ Դիմում-գանգատում նշված է նաև, որ դիստրիբյուտորի և Հեռարձակողի միջև ոչ սեփական տեսալսողական հաղորդումների հեռարձակման իրավունքի տրամադրման լիցենզիոն պայմանագիր կնքված չէ, որը թույլ կտար Հեռարձակողին ՀՀ տարածքում հեռարձակել Ֆիլմը («THE BAR» ֆիլմը, որի ՀՀ֊ում տարածելու բացառիկ իրավունքը պատկանում է «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերությանը): Հարուցված վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ Օրենքով Հեռարձակողների համար պարտավորություն է սահմանված՝ ոչ սեփական տեսալսողական հաղորդումները հեռարձակել միայն դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում։
Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են վարչական վարույթի մասնակիցների կողմից ներկայացրած փաստերը: Հաշվի առնելով այն փաստը, որ Հեռարձակողի և դիստրիբյուտորի միջև չի կնքվել տեսալսողական ծրագրերի վերահաղորդման իրավունքի տրամադրման պայմանագիր, վարչական վարույթի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց կարճել «ՓԻ ԲԻ ՍԻ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

«ՄԵԳԱԹԻՎԻ» և «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերի ներկայացման ժամանակ նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորների գործունեություն իրականացնող ցանցային օպերատորների կողմից՝ տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելու փաստը։

Տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ցանցային օպերատորի հեռարձակող կայանում իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվում են տեսալսողական ծրագրերը: Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ ցանցային օպերատորն իր գործունեությունն իրականացնում է՝ խախտելով Օրենքի պահանջը (Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը վերահաղորդել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա)։ Այսպիսով, ցանցային օպերատորի կողմից իրականացվել է իրավախախտում, որը հաշվի առնելով և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով Հանձնաժողովը որոշեց «ՄԵԳԱԹԻՎԻ» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

«ՄԱՅ ՆԵՏ» ընկերության մոտ տեղում իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրության և ցանցային օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրության  արդյունքում պարզվել է, որ  ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի համար պարտավորություն է սահմանված ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս գործող Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը վերահաղորդել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա, իսկ Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերն իրենց վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքներին համապատասխան, որոնք անվճար տրամադրված են ցանցային օպերատորներին: Այսպիսով, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթները՝ Հանձնաժողովը որոշեց կարճել «ՄԱՅ ՆԵՏ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

Հանձնաժողովը հիմք է ընդունել և հաստատել «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» և «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումները՝ համաձայն հավելվածների:

Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը բավարարել է «ԻՐԻԴԱ ԳԼՈԲԱԼ» ՍՊ ընկերության հայտը և հեղինակազորել՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: