ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարվել են մարզերի տարածքներում լսողական ծրագրերի սփռման մրցույթներ

Այսօր՝ ապրիլի 21-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու, լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի և ՀՀ Լոռու մարզերի տարածքում սփռման մրցույթներ հայտարարելու, լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և ՀՀ Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթները չկայացած հայտարարելու և «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի մարտի 24-ի թիվ 38-Ա որոշման դեմ ներկայացված վարչական բողոքի քննության փուլի վերաբերյալ հարցերը:

Օրակարգի առաջին հարցը ներկայացնելուց հետո Հանձնաժողովը որոշել է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի և կից փաստաթղթերի հրապարակման օր սահմանել 2022 թվականի ապրիլի 26-ը:

Հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով՝ 2022 թվականի ապրիլի 21-ին հայտարարում է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերի տարածքում սփռման մրցույթներ, որոնց կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

Հանձնաժողովը չկայացած է հայտարարել 2022 թվականի փետրվարի 24-ին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթները` հայտերի ընդունման համար սահմանված ժամանակահատվածում հայտեր չներկայացվելու հիմքով:

Օրակարգային վերջին հարցի քննարկման ժամանակ նշվել է, որ «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը վարչական բողոք է ներկայացրել Հանձնաժողովի 2022 թվականի մարտի 24-ի «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» թիվ 38-Ա որոշման դեմ, նշելով, որ ըստ իրենց՝ Հանձնաժողովը բազմակողմանի և լրիվ չի ուսումնասիրել վարչական վարույթի նյութերը, սխալ է մեկնաբանել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը, ինչի հետևանքով կայացված Վարչական ակտը համարվում է ոչ իրավաչափ։

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով՝ դիստրիբյուտորի կողմից բերված վարչական բողոքն ընդունել է վարույթ և ծանուցել ցանցային օպերատորին: Վարույթի ընթացքում ցանցային օպերատորը Հանձնաժողով է ներկայացրել գրավոր բացատրություն:

Վարչական բողոքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված լրացուցիչ ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում, ինչպես նաև  ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքների դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց մերժել «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության վարչական բողոքը՝ անփոփոխ թողնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի մարտի 24-ի թիվ 38-Ա որոշումը: