Այսօր՝ ապրիլի 8-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՏԻՆՍ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի, «ԹԻՎԻ ԿՈՆՏԵՆՏ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումի, «ՅՈՒՔՈՄ», «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ և «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերութունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:
Քննարկելով «ՅՈՒՔՈՄ» ընկերութան նկատմամբ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ հարցը, նշվեց, որ Հանձնաժողովը գրությամբ դիմել է ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությանը առանց նախապես իրավատիրոջ թույլտվության ձեռքբերման իր տեսավարձույթ ծառայության տեսացանկում բաժանորդներին հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող կինո-հեռուստաֆիլմեր (ֆիլմեր) տրամադրելու փաստի վերաբերյալ՝ հաշվի առնելով «Motion Picture Association» («Մոշըն Փիքչր Ասոսիեյշն») ընկերության դիմումը:Ցանցային օպերատորը, Հանձնաժողովին տեղեկացրել է, որ ցանկով նշված ֆիլմերը հեռացվել են «Յուքոմ» ՓԲ ընկերության IP TV տեսադարան բաժնից, իսկ տեսաձայնային ստեղծագործությունները հեռացնելու համար սկսել են դրանք նույնականացնելու գործընթաց, որն ավարտելու համար կպահանջվի որոշակի ժամանակ։ Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ լիցենզիա ստացած ցանցային օպերատորը Հանձնաժողովի կողմից ստանալով առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլատրող որոշումը, պարտավոր է պահպանել տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները: Հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 24-ի թիվ 20-Ա որոշման համաձայն՝ ցանցային օպերատորին վարչական պատասխանատվության է ենթարկվել Օրենքի 56–րդ հոդվածի համաձայն և հայտարարվել է գրավոր նախազգուշացում։ Գրավոր նախազգուշացման հիմք է հանդիսացել ցանցային օպերատորի կողմից ոչ գծային հեռարձակման միջոցով հեղինակային իրավունքի խախտման փաստը, ինչը նույնական է նաեւ տվյալ դեպքում: Ելնելով վերոգրյալից Հանձնաժողովը որոշեց «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 2–րդ մասով սահմանված վարչական տույժը՝ ընկերության հասույթի 0.03 %-ի չափով։
Ներկայացնելով հաջորդ հարցը նշվեց, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերության դիմում-բողոքը՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲ ընկերության «Կենտրոն» տեսալսողական ծրագրի կողմից ոչ սեփական տեսալսողական հաղորդումն (Ֆիլմը) առանց դրա հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի հեռարձակելու փաստի վերաբերյալ։
Վարչական վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցների, մասնակիցների կողմից ներկայացրած փաստերի ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ Հեռարձակողը ոչ սեփական տեսալսողական հաղորդումը՝ Ֆիլմը հեռարձակել է դրա հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայությամբ։ Հաշվի առնելով տվյալ փաստը Հանձնաժողովը որոշեց կարճել «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ»ՓԲ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։
«ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերութան նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը ներկայացնելիս նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր հանդիսացող «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը գործել է առանց «Капитан Фантастика» տեսալսողական ծրագիրը ներառող ծանուցում ներկայացնելու՝ խախտելով Օրենքի դրույթի պահանջը։ Հանձնաժողովը վարչական վարույթի իրականացման ընթացքում տեղեկատվություն է ստացել ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի մասին: Նշված ցանկում ներառված էր նաև «Капитан Фантастика» տեսալսողական ծրագիրը և որպես իրավատեր նշված էր «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը: Հաշվի առնելով ներկայացված փաստը Հանձնաժողովը որոշեց «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։
Հանձնաժողովը քննարկելով «ԹԻՎԻ ԿՈՆՏԵՆՏ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը բավարարել և ուժը կորցրած է ճանաչել Ընկերությանը 2015 թվականի մարտի 31-ին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման թիվ 202 լիցենզիան, բավարարել է նաև «ՏԻՆՍ» ՍՊ ընկերության ընկերության հեղինակազորման հայտը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: