ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ

Այսօր՝ մարտի 24-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԷՖ ՆԵԹ», «ՓԻ ԲԻ ՍԻ», «ՇԱՐԿ» ՍՊ և «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման, Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ հայտարարելու, լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերի տարածքում սփռման մրցույթները չկայացած հայտարարելու, «ՓԱՍՏԻՆՖՈ» ՍՊ ընկերության հեղինակազորման վկայագրի գործողությունը դադարեցնելու դիմումի և «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերության՝ ոչ գծային տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու հայտի վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովը քննարկելով օրակարգային առաջին հարցը, նշել է, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության դիմումը, որտեղ նշված է եղել «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության կողմից տեսալսողական ծրագիրն առանց պայմանագրային հիմունքների վերահաղորդելու վերաբերյալ փաստը։  Դիմումում նշված է նաև, որ դիստրիբյուտորի և ցանցային օպերատորի միջև տեսալսողական ծրագրերի վերահաղորդման իրավունքի տրամադրման լիցենզիոն պայմանագիր կնքված չէ, որը թույլ կտար ցանցային օպերատորին ՀՀ տարածքում իրականացնել տեսալսողական ծրագրի վերահաղորդում, սակայն ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագիր կնքելու վերահաղորդվել է տեսալսողական ծրագիր և դիստրիբյուտորը խնդրել է միջոցներ ձեռնարկել ցանցային օպերատորի կողմից անօրինական վերահաղորդումը դադարեցնելու ուղղությամբ։ Հարուցված վարչական վարույթի ընթացքում ցանցային օպերատորի կողմից որևէ պարզաբանում կամ բացատրություն Հանձնաժողով չի ներկայացվել։ Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են վարչական վարույթի մասնակցի կողմից ներկայացրած փաստերը, որոնք համադրվել են Հանձնաժողովի տեղում դիտարկման արդյունքներին և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խախտում չի հայտնաբերվել, արդյունքում՝ Հանձնաժողովը որոշեց կարճել «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

Օրակարգային երկրորդ հարցի քննարկման ընթացքում նշվեց, որ Հանձնաժողով մուտքագրված «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերության դիմում-գանգատում նշված է «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության կողմից ոչ սեփական տեսալսողական հաղորդումներն առանց դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի հեռարձակելու փաստի վերաբերյալ։ Նշված է նաև, որ դիստրիբյուտորի և Հեռարձակողի միջև ոչ սեփական տեսալսողական հաղորդումների հեռարձակման իրավունքի տրամադրման լիցենզիոն պայմանագիր կնքված չէ, որը թույլ կտար Հեռարձակողին ՀՀ տարածքում հեռարձակել Ֆիլմեր: Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են վարչական վարույթի մասնակիցների կողմից ներկայացրած փաստերը և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի խախտում չհայտնաբերելու հիմքով որոշում կայացվել կարճել «ՓԻ ԲԻ ՍԻ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ ընկերության կողմից «Նոր Հայաստան» տեսալսողական ծրագրի կողմից արգելված ժամանակահատվածում տեսալսողական հաղորդումների հեռարձակման սահմանափակումների, իսկ «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի արգելված ժամանակահատվածում գռեհկաբանություն և հայհոյախոսություն պարունակող տեսալսողական հաղորդումների հեռարձակման սահմանափակումների խախտումներ։

Հարուցված  վարչական վարույթների շրջանակներում Հեռարձակողները ներկայացրել են իրենց պարզաբանումները:

Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է Հեռարձակողների կողմից իրականացված իրավախախտում, որի արդյունքում «ՄՈ ԹԻՎԻ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲ և «ՇԱՐԿ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի  չորսհարյուրապատիկի չափով:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով 2022 թվականի մարտի 24-ին հայտարարում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

Լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերի տարածքում սփռման մրցույթները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի մարտի 24-ի թիվ 43-Ա և 44-Ա որոշումներով հայտարարվել է չկայացած` հայտերի ընդունման համար սահմանված ժամանակահատվածում հայտեր չներկայացվելու հիմքով:

Հանձնաժողովը քննարկել և ուժը կորցրած է ճանաչել «ՓԱՍՏԻՆՖՈ» ՍՊ ընկերության ՀՎ №042 հեղինակազորման վկայագրի գործողությունը, իսկ «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊ ընկերությանը դիմումը բավարարել և տվել է ոչ գծային տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն: