ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կասեցվել է «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթը

Այսօր՝ մարտի 16-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 94-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու,  «ՕՆԼԱՅՆ» ՍՊընկերության ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում և «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊընկերության ՀՀ Արարատի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումների, «ԽՈՒՍՏՈՒՓ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի և «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության նկատմամբ  վարչական ընթացիկ ակտի ընդունման վերաբերյալ հարցերը:

Քննարկելով օրակարգային առաջին հարցը նշվեց, որ որոշման մեջ կատարվել է փոփոխություն, որը վերաբերում է անցկացվող մրցույթների ժամանակ մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնահատման թերթիկում կատարվող նշումներին: Մասնավորապես. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնահատում է գնահատման թերթիկում՝ ամբողջ թվով՝ 20 միավորային սանդղակով, իսկ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման թերթիկին կից ներկայացնում է իր գնահատման հիմնավորումը:

Հանձնաժողովը քննարկել և բավարարել է «ՕՆԼԱՅՆ» ՍՊ ընկերության ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում և «ԱՅ ԷՍ ՓԻ ՍԸՓՈՐԹ» ՍՊ ընկերության ՀՀ Արարատի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումները, իսկ  «ԽՈՒՍՏՈՒՓ ԷՖ ԷՄ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտը բավարարել է տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ:

Քննարկելով ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է կայացրել կասեցնել այն մինչև քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով որոշում կայացնելը, հաշվի առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մարտի 04-ի հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին որոշումը: