ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր՝ մարտի 11-ին, ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:

Տիգրան Հակոբյանը հյուրերին ներկայացնելով Հանձնաժողովի գործառույթները, դերն ու նշանակությունը, կարևորել է նաև այն հանգամանքը, որ 2018 թվականից հետո  Հանձնաժողովն ինքնուրույն և ամբողջությամբ կատարում է Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգավորող մարմնի իր  լիազորությունները: Տ. Հակոբյանը ներկայացրել է այն հիմնական խնդիրները, որոնք առկա են ամենօրյա աշխատանքում, այդ թվում տեսալսողական մեդիաընկերությունների ինքնակարգավորման, թերի  օրենսդրության, հանրային մուլտիպլեքսի հայեցակարգի  աղավաղման և այլն: ՀՌՀ նախագահը նաև պատասխանել է պատվիրակության անդամների բազմաթիվ հարցերին:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն գոհունակություն հայտնելով ընդունելության և ոլորտում առկա հիմնախնդիրները ներկայացնելու համար կարևորել է խոսքի և մամուլի ազատության գործում Հանձնաժողովի կատարած աշխատանքը: Տիկին Ռիբեյրոն նաև նշել է, որ Հանձնաժողովը որպես կարգավորող մարմին իր դերակատարությամբ ապահովում է մեդիադաշտի տարբեր բաղկացուցիչների հավասարակշռությունը:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը կարևորել է Հանձնաժողովի մասնագետների փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացը և պատրաստակամություն հայտնել նպաստել դրան: