ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի տարածքներում հայտարարվել են սփռման մրցույթներ

Այսօր՝ փետրվարի 24-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ՅՈՒՔՈՄ» ՓԲ, «ՇԱՆԹ» և «ՖՈՐՏՈւՆԱ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 94-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթներ հայտարարելու, «ԱՄԵԴԻԱ» և «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունների կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների և «ՌԱԴԱՐ ԱՐՄ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ հարցերը:

Ներկայացնելով օրակարգային հարցերը նշվեց, որ «ՅՈՒՔՈՄ» ընկերության նկատմամբ վարչական ակտ կիրառելու հիմք է հանդիսացել «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Իրավատեր) դիմումը, որում նշված է ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ՅՈՒՔՈՄ» ընկերության կողմից առանց նախապես իրավատիրոջ թույլտվության ձեռքբերման իր տեսավարձույթ ծառայության տեսացանկում բաժանորդներին հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող կինո-հեռուստաֆիլմեր տրամադրելու փաստը։

Հանձնաժողովն ուսումնասիրվելով վարչական վարույթի մասնակիցների կողմից ներկայացրած փաստերը, դրանք համադրելով Իրավատիրոջ կողմից Հանձնաժողով ներկայացված ապացույցների հետ և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջներով որոշեց «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վարչական տույժը՝ գրավոր նախազգուշացում՝ խախտումները վերացնելու հանձնարարությամբ։

«ՇԱՆԹ» ընկերության նկատմամբ վարչական վարույթի հիմք է հանդիսացել Հանձնաժողովի կողմից Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրված «Գովազդի մասին» օրենքով ամրագրված վիճակախաղերի գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտումը: Վիճակախաղերի գովազդային հոլովակները թեև հեռարձակվել են օրենքով թույլատրելի ժամերին և պարբերականությամբ, սակայն ընդհանուր տևողությամբ գերազանցել է օրենքով թույլատրելի 3 րոպեն։ Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքներով Հանձնաժողովը որոշեց «ՇԱՆԹ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Քննարկելով «ՖՈՐՏՈւՆԱ» ընկերության նկատմամբ վարչական ակտ կիրառելու մասին հարցը նշվեց, որ Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է «ՖՈՐՏՈւՆԱ» տեսալսողական ծրագրի կողմից սարսափ ֆիլմի ցուցադրում և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով`՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՖՈՐՏՈւՆԱ» ՍՊ ընկերությանը տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն 2022 թվականի փետրվարի 24-ին հայտարարել է լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի տարածքներում սփռման մրցույթներ, որոնց կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

Հանձնաժողովը քննարկել և հաստատել է «ԱՄԵԴԻԱ» և «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունների տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումները և բավարարել ու հեղինակազորել «ՌԱԴԱՐ ԱՐՄ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտը՝ տալով տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: