ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

«Արմնյուզը» 5 օր ուներ եթեր վերադառնալու համար. ՀՌՀ նախագահի խոսքով՝ լիցենզիայի համար մրցակցությունը կոշտ է լինելու

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի փոխանցմամբ՝ 2021 թվականի ընթացքում հեռուստատեսության եթերում խախտումների հետեւանքով հարուցված վարչական վարույթներն ավելի շատ են եղել, քան նախորդած 8 տարիներին:

ՀՌՀ խորհրդի նախագահի հետ զրուցել ենք օրերս ՀՌՀ-ի եւ էթիկայի դիտորդ մարմնի ստորագրած հուշագրի, ՀՌՀ մշտադիտարկումների արդյունքում եթերում հայտնաբերվող հիմնական խախտումների եւ այլ հարցերի շուրջ:

– Պարոն Հակոբյան, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն ու ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինն օրերս ստորագրել են հուշագիր, որով հետևելու են եթերում էթիկայի պահպանմանը: Ո՞րն է այս հուշագրի բուն նպատակը, մինչ այս էլ էր ՀՌՀ-ն կարգավորում եթերում էթիկայի պահպանումը. սրանով որեւէ նոր պարտավորությո՞ւն է մարմինը ստանձնել:

 – Հիմնական նպատակն է նպաստել մեր երկրում գործող տեսալսողական մեդիայի ոլորտում մասնագիտական էթիկայի կանոնների պահպանմանը, իսկ դա ենթադրում է կանոնները մշտապես կատարելագործելը, հստակ մեկնաբանելն ու անկաշկանդ և ոչ խտրական կիրառելը։ Եվ Դիտորդ մարմնի (որը միավորում է տասնյակ մեդիաընկերություններ) փորձը, հմտություններն օգտակար կլինեն Հանձնաժողովի համար: Համաձայն հուշագրի՝ ՀՌՀ-ն կարող է դիմել Դիտորդ մարմնին էթիկայի կանոնների կամ դրանց որևէ տարրերի մասին կամ էթիկայի կանոնների կիրառման հետ կապված փորձագիտական խորհրդատվություն կամ եզրակացություն ստանալու խնդրանքով: Համատեղ կկազմակերպենք էթիկայի կանոնների արդի խնդիրների քննարկմանը նվիրված միջոցառումներ, դասընթացներ եւ այլն: Բազմիցս ասել եմ եւ կրկնում եմ՝ ՀՌՀ-ն միայնակ չի կարող պայքարել վիրավորանք, ատելության խոսք, ապատեղեկատվություն պարունակող տեղեկատվական հոսքերի դեմ. անհրաժեշտ է միավորել մեդիայի, կարգավորող մարմնի, պետական ինստիտուտների, քաղաքական ուժերի ու հասարակության ջանքերը:

– Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում երկու օր առաջ նիստ էր գումարվել, որի ընթացքում որոշում է կայացվել «Արմնյուզ» ՓԲ եւ «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը հինգ օր ժամկետով կասեցնել: Հաջորդ քայլն ի՞նչ է լինելու. «Արմնյուզի» լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո նոր մրցույթ հայտարարվելո՞ւ է այդ ազատ տեղի համար:

– Նախորդ շաբաթ «Արմնյուզ» հեռուստածրագիրը եւ «Ռադիո 107 ՖՄ»-ը իրենց հիմնադիրների ցուցումով դադարեցրել էին հաղորդումների հեռարձակումը: ՀՌՀ որոշման հիմքում օրենսդրության պահանջն էր, համաձայն որի՝ կարգավորող մարմինն իրավասու է մինչեւ 30 օր ժամկետով կասեցնել լիցենզիայի գործողությունն այն հեռարձակողի, որը 24 ժամից ավելի անընդմեջ չի ապահովել եթերը հանրային մուլտիպլեքսում կամ հատկացված FM տիրույթում: Եթե հատկացված 5 օրվա ընթացքում հիմնադիրները չփոխեն իրենց որոշումը եւ մինչեւ փետրվարի 17-ը «չվերադառնան» եթեր, ապա հանձնաժողովը մեկ այլ որոշումով կդադարեցնի այդ ընկերությունների լիցենզիայի գործողությունը: Հետո, բնականաբար, օրենքով սահմանված ժամկետներում ՀՌՀ-ն կհայտարարի նոր մրցույթներ, որոնց կարող են մասնակցել ՀՌՀ կողմից հեղինակազորված կազմակերպությունները:

Ավելին տես www.armtimes.com կայքում: