ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ընկերությունների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ փետրվարի 11-ին, գումարվել է նիստ, օրակարգում՝ «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունների նկատմամբ  վարչական ակտերի ընդունման, «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» և «ՊՐՈԳՐԵՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման վկայագրերի գործողությունը դադարեցնելու դիմումների վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո ներկայացնելով օրակարգային հարցերը նշվեց, որ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթի համար հիմք է ընդունվել Հանձնաժողովի կողմից Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։ Մշտադիտարկման արդյունքում արձանագրել է Հեռարձակողի «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏՎ» տեսալսողական ծրագրի եթերում՝ անվանումն էկրանային ցուցադրման ժամանակ օտար լեզուներով օգտագործելու դեպքում հայերեն անընդհատ տառադարձության պարտադիր պահպանման վերաբերյալ Օրենքի պահանջի խախտում, այն է՝ Հեռարձակողի անվանումն էկրանին նշվել է միայն օտար լեզվով՝ առանց հայերեն տառադարձության։

Հեռարձակողը հարուցված վարչական վարույթի շրջանակներում որևէ պարզաբանում և բացատրություն չի ներկայացրել Հանձնաժողով: Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության և համադրման արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ Օրենքով Հեռարձակողների տեսալսողական տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ են սահմանված։ Մասնավորապես՝ Հեռարձակողների համար պարտավորություն է սահմանված, որ իրենց անվանումներն էկրանային ցուցադրման ժամանակ օտար լեզուներով օգտագործելու դեպքում չպետք է այն կատարեն առանց հայերեն տառադարձության: Տվյալ դեպքում, Հեռարձակողի կողմից խախտել է Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

 Տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական վարույթի համար հիմք է ընդունվել Հանձնաժողովի կողմից վերահսկողական գործառույթներ իրականացնելու ընթացքում արձանագրված «Ֆրի Նյուզ» տեսալսողական ծրագրի եթերում «Գովազդի մասին» օրենքով ամրագրված վիճակախաղերի գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտումը։

Հարուցված վարչական վարույթի ընթացքում Հեռարձակողը Հանձնաժողով է ներկայացրել իր պարզաբանումները, միաժամանկ նշելով որ առաջացած տեխնիկական սխալի պատճառով գովազդի և «Ազատ լուրեր» լրատվական թողարկման միջև չի պահպանվել 20 րոպե տևողությունը։ Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված և ներկայացրած փաստերը՝ ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ «Ֆրի Նյուզ» տեսալսողական ծրագրի եթերում 2022 թվականի հունվարի 06-ին և 08-ին «Ազատ լուրեր» լրատվական թողարկումից առաջ և հետո՝ օրենքով արգելված ժամանակահատվածում, հեռարձակվել է «Վբետ» (Vbet) և «Տոտոգեյմինգ» (Toto gaming) վիճակախաղերի գովազդ, ինչպես նաև նշված գովազդը հեռարձակվել է օրենքով սահմանված պարբերականության խախտմամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՖՐԻ ՆՅՈՒԶ»  ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 16-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հանձնաժողովը քննարկել և հաստատել է ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը:

Հանձնաժողովը քննարկել է նաև «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» և «ՊՐՈԳՐԵՍ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման վկայագրերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները և ուժը կորցրած ճանաչել ընկերություններին տրված ՀՎ № 009 և ՀՎ № 034 հեղինակազորման վկայագրերը: