ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերի տարածքում հայտարարվել են լսողական ծրագրերի սփռման մրցույթներ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ հունվարի 27-ին, գումարվել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերի տարածքում սփռման մրցույթներ հայտարարելու, լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթը չկայացած հայտարարելու, «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:

Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և ՀՌՀ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով որոշում է կայացրել 2022 թվականի հունվարի 27-ին հայտարարել լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերի տարածքում սփռման մրցույթներ, որոնց կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

Նշվեց նաև, որ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 6-Ա որոշումով հայտարարվել է չկայացած` հայտերի ընդունման համար սահմանված՝ ժամանակահատվածում հայտեր չներկայացվելու հիմքով:

Անդրադառնալով «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» և «ԱՎՏՈՌԱԴԻՈ» ՍՊընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերին նշվեց, որ Հանձնաժողովի կողմից «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է լսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունների կողմից «Ավտոռադիո» և «Երևան ՖՄ» լսողական ծրագրի կողմից «Գովազդի մասին» օրենքով ամրագրված արգելված ժամանակահատվածում՝ թունդ ալկոհոլային խմիչքների վաճառքով մասնագիտացված «Անդակո սփիրիթս» մասնագիտական խանութ-սրահի և վերջինիս կայքի (andaco.am) գովազդի հեռարձակման սահմանափակումների խախտում։

Հանձնաժողովը ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով Հեռարձակողների նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ՝ հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից Հեռարձակողների գործունեության դիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրությունները: Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն ամրագրել է, որ «Գովազդի մասին» օրենքով Հեռարձակողների համար թունդ ալկոհոլային խմիչքների գովազդն արգելող դրույթ է սահմանված՝ մասնավորապես՝ արգելվում է ժամը՝ 06:00-ից մինչև 22:30-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր) գովազդումը, սակայն Հեռարձակողների կողմից չեն պահպանվել «Գովազդի մասին» օրենքով ամրագրված թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի հեռարձակման սահմանափակումները՝ դրանով իսկ խախտելով «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի բ) կետի պահանջը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» օրենքների դրույթներով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 8-րդ մասը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ԱՐ ՌԱԴԻՈ ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ» ՍՊ ընկերությունների նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հանձնաժողովը հաստատել է «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը: