ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հայտարարվել է ՀՀ Լոռու մարզի տարածքում լսողական ծրագրի սփռման մրցույթ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էին լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու և լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների ցանկը հրապարակելու և հայտերի հրապարակման օր սահմանելու վերաբերյալ:

Օրակարգի առաջին հարցը ներկայացնելիս նշվեց, որ Հանձնաժողովը առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով՝ 2021 թվականի նոյեմբերի 10-ին հայտարարում է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Լոռու մարզի տարածքում սփռման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

Օրակարգի երկրորդ հարցը քննարկելիս Հանձնաժողովը որոշվեց 2021 թվականի նոյեմբերի 16-ին սահմանել ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակցի հայտի և կից փաստաթղթերի հրապարակման օր, որի համար մասնակցին տրվելու է 30 րոպե: