ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառվել են վարչական ակտեր

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էին լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի և ՀՀ Վայոց ձորի մարզերի տարածքում սփռման մրցույթներ հայտարարելու, «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ՍՊ ընկերության՝ ոչ գծային տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու հայտի, «ՌԱԴԻՈ ՎԱՆ» և «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերի, «Ա-ԹԻՎԻ», «ԱՐՄՔՈՄ», «ԹԻՄ», «ԲԱԳԵՏ», «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ և «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ:

Նիստի օրակարգի հաստատումից հետո Իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը ներկայացնելով օրակարգային առաջին հարցը նշեց, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգի դրույթների համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 2021 թվականի նոյեմբերի 4-ին հայտարարում է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքում սփռման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

Օրակարգային երկրորդ հարցը ներակայացնելիս նշվեց, որ դեռևս
սեպտեմբերին հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքում սփռման մրցույթը հայտարարվում է չկայացած հայտերի ընդունման համար սահմանված՝ 11.10.2021-01.11.2021թթ. ժամանակահատվածում հայտեր չներկայացվելու հիմքով:

«Ա-ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման պատճառ էր հանդիսացել մշտադիտարկման արդյունքում ֆիքսված մանկական և լրատվական հաղորդումների ժամանակ առանց ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերերն ենթագրի հեռարձակումները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և Հանձնաժողովի 2020 թվականի օգոստոսի 28-ի թիվ 82-Ա որոշմամբ Հանձնաժողովը «Ա-ԹԻՎԻ» ընկերության նկատմամբ կիրառել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Քննարկելով «ԱՐՄՔՈՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը նշվեց, որ Հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով վերապահված իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ հայտնաբերել է Օրենքի պահանջի խախտում, այն է՝ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող «ԱՐՄՔՈՄ» ընկերության կողմից «Հ1», «Ֆրինյուզ», «Նոր Հայաստան», «Արմենիա ՏՎ», «Նուռ ՏՎ», «Շանթ»,  «Կենտրոն», «Երկիր մեդիա», «Շողակաթ», «Դար-21», «Արմնյուզ», «Ա-Թիվի», «Discovery Channel», «Россия-К», «Европа +», «Россия 1», «Москва 24», «РТР-Планета», «Мир-24», «CNN +», «Мир», «НТВ», «ТНТ», «Муз», «Зоопарк», «Амедиа1», «Евроновости», «Еврокино», «Иллюзион +», «Icenter (Mezzo life HD)», «Top Secret (Совершенно секретно)», «Пятница», «Extrime sport», «Bridge TV», «Play Boy», «Амедиа», «Fashion HD», «History», «Nick jr», «Детский мир», «Ваш успех», «3600 (Food network)», «Сарафан», «Gulli Girl», «Eurosport 1» տեսալսողական ծրագրերը վերահաղորդվել են առանց պայմանագրի։

Իրականացրնելով ցանցային օպերատորի մոտ մշտադիտարկում՝ տեղում դիտարկում իրականացնելու միջոցով կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ցանցային օպերատորի հեռարձակող կայանում իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվում են թվով 66 տեսալսողական ծրագրեր, որոնց  թվում վերը նշված տեսալսողական ծրագրերը։

Արձանագրությամբ նշված տեսալսողական ծրագրերի և ցանցային օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկի համադրության արդյունքում պարզվել է, որ ցանցային օպերատորի կողմից վերահաղորդվող տեսալսողական ծրագրերը, բացակայում են վերջինիս կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ցանկից։ Հաշվի առնելով նշված փաստերը և ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով, Հանձնաժողովը «ԱՐՄՔՈՄ» ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Անդրադառնալով «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցին, նշվեց, որ Հանձնաժողով մուտքագրված «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերության դիմում-գանգատում նշված է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության «Նուռ» տեսալսողական ծրագրի կողմից ոչ սեփական տեսալսողական հաղորդումն առանց դրա հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի հեռարձակելու փաստը։  

Ըստ «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ընկերության՝ Հեռարձակողի կողմից առանց նախապես իրավատիրոջ թույլտվության ցուցադրվել է CURRENTLY UNAVAILABLE» («ВРЕМЕННО НЕДОСТУПЕН» 8×52 Ռուսաստան 2015թ) հեռուստասերիալը (ֆիլմ՝ հեղինակային իրավունքի օբյեկտ), որի Հայաստանի Հանրապետության տարածքում ցուցադրման բացառիկ իրավունքը պատկանում է  Ընկերությանը։ Հանձնաժողովը հաշվի առնելով Ընկերության դիմումը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» հարուցել է վարչական վարույթ, ծանուցել Հեռարձակողին: Հանձնաժողով ներկայացված բացատրության համաձայն  Հեռարձակողի կողմից վերոնշյալ Ֆիլմի ցուցադրությունը եղել է թյուրիմացություն:

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «ԱՌՓԻ ՄԵԴԻԱ» ընկերության նկատմամբ կիրառել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում` խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ։

«ԹԻՄ», «ԲԱԳԵՏ» ՍՊ և «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը քննարկելիս, նշվեց, որ ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից կատարվել են տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի վերահաղորդում իրականացնելու Օրենքի պահանջի խախտումներ։        

Ընկերություններում տեղում դիտարկում իրականացնելու արդյունքում կազմվել են արձանագրություններ, համաձայն որոնց՝ ցանցային օպերատորների հեռարձակող կայաններում ցանցային օպերատորների կողմից վերահաղորդվել են տեսալսողական ծրագրեր, որոնք բացակայել են վերջիններիս կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ցանկերից։

Վարչական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.

«ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով 14 003 200 (տասնչորս միլիոն երեք հազար երկու հարյուր) ՀՀ դրամի, «ԲԱԳԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ «ԹԻՄ» ՍՊ  ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 282-րդ հոդվածի դրույթների:

Հանձնաժողովը քննարկել և բավարարել է «ՎԻՐՈՒՍ ՆԵՏ» ՍՊ ընկերության՝ ոչ գծային տեսալսողական տեղեկատվության հեռարձակման գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու և «ՌԱԴԻՈ ՎԱՆ» ու «ՌԱԴԻՈ ԱԼՖԱ» ՍՊ ընկերությունների հեղինակազորման հայտերը: