Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, գումարվել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու, անհատ ձեռնարկատեր Միքայել Շոկարյանի ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի, «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության մասին» հարցի և «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 253 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների վերաբերյալ հարցերը:
Օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով և ՀՌՀ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով որոշում է կայացրել 2021 թվականի սեպտեմբերի 16-ին հայտարարել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում սփռման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:
Քննարկելով «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության մասին» հարցը և հաշվի առնելով մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված թվով 5 (հինգ) թեկնածուների համաձայնությունը, Հանձնաժողովը որոշեց հաստատել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով.
1. Աշոտ Համբարձումյան
2. Քրիստինե Գյոնջյան
3. Հակոբ Հակոբյան (Հակոբ Մովսես)
4. Արտյոմ Երկանյան
5. Նիկոլայ Կոստանդյան
Նիստի ընթացքում որոշվեց ժամանակավոր մրցութային հանձնաժողովի առաջին նիստի անցկացման օր նշանակել 2021 թվականի սեպտեմբերի 22-ը:
Հանձնաժողովը բավարարել է ԱՁ Միքայել Շոկարյանի ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և «ԱՐՓԻՆԵՏ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 253 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները: