Այսօր՝ հուլիսի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում` ԱՁ Կարեն Քաջիկի Ավագյանի ՀՀ Կոտայքի մարզի տարածքում և «ԱՅ-ՆԵՏ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումների, «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ և «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը:
Օրակարգի հաստատումից հետո նշվեց, որ «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու պատճառ է հանդիսացել «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏՎ» տեսալսողական ծրագրի 2021 թվականի հունիսի 7-ի և հունիսի 8-ի եթերում նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում (2021 թվականի հունիսի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների համար՝ հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը)՝ նախընտրական քարոզչական տեսալսողական հաղորդումների ընթացքում սահմանված դրույթների պահանջների խախտումը։ Այն է՝ եթեր են հեռարձակվել կուսակցությունների դաշինքների և կուսակցությունների նախընտրական քարոզչության հոլովակներ՝ առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ «Նախընտրական քարոզչություն» լուսագրի:
Հանձնաժողովը վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության և համադրման արդյունքում որոշում է կայացրել «ՁԱԳԵՁՈՐ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ընկերությանը տուգանել սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
«ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու պատճառ է հանդիսացել Հանձնաժողով մուտքագրված «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» և «ԱՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունների (դիստրիբյուտորներ) դիմումներում նշված այն փաստը, համաձայն որի «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ընկերության (ցանցային օպերատոր) կողմից տեսալսողական «2X2», «Disney Channel», «Setanta Sports Eurasia» և «Setanta Sports Eurasia Plus» ծրագրերը վերահաղորդվում են առանց պայմանագրային հիմունքների: Հարուցված վարչական վարույթի ընթացքում ցանցային օպերատորը Հանձնաժողով գրավոր բացատրություն է ներկայացրել այն մասին, որ չի վերահաղորդում Դիստրիբյուտորների կողմից նշված տեսալսողական ծրագրերը: Հանձնաժողովի կողմից ցանցային օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու ընթացքում կազմված արձանագրության արդյունքում որոշում է կայացվել կարճել «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը։
Հանձնաժողովը բավարարել է ԱՁ Կարեն Քաջիկի Ավագյանի ՀՀ Կոտայքի մարզի տարածքում և «ԱՅ-ՆԵՏ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումները և հաստատել «ԳԼՈԲԱԼ ՔՈՆԹԵՆԹ ՍԵՐՎԻՍ» ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի վերավերյալ ծանուցումները: