Ներկայացնում Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից 2021 թվականի հունիսի 12-ով թվագրված (Հանձնաժողով մուտքագրված` հունիսի 13-ին) Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին ուղղված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության տեսահոլովակները հեռարձակելու վերաբերյալ հարցման պատասխանը:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեսալսողական տեղեկատվության ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Տեսալսողական տեղեկատվության գրաքննությունն արգելվում է: Ուստի, գրությանը կցված տեսահոլովակների նկատմամբ զտման, խմբագրման, միջամտության գործընթացը կարող է իր մեջ պարունակել գրաքաննության տարրեր, ինչն արգելված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Հաշվի առնելով նման հեռանկարը՝ հորդորում եմ ձեռնպահ մնալ և իրականացնել Ձեր ստանձնած պայմանագրային պարտավորությունները։
Ձեր կողմից կատարված հետևյալ հարցադրմանը՝ «(…) արդյո՞ք «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն պարտավոր է հեռարձակել կուսակցությունների և դաշինքների այն տեսահոլովակները, որոնք ակնհայտորեն ունեն վիրավորական, զրպարտչական, այլ անձանց իրավունքները խախտող, ատելության խոսք տարածող կամ այլ՝ բարեւարքության ակնհայտ կանոններին հակասող բնույթ։»՝ ցանկանում եմ հայտնել հետևյալը, որ ատելության խոսքի, վիրավորանքի և բարեւարքության ընդունված նորմերը խախտող որևէ արտադրանք հեռարձակելը առհասարակ խրախուսելի չէ, առավել ևս նախընտրական քարոզչության ընթացքում, երբ ողջ գործընթացը գտնվում է յուրաքանչյուր մարդու ուշադրության կենտրոնում, ավելին՝ կան դեպքեր, որոնք արգելված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Սակայն, բարձրացված խնդրի վերաբերյալ գնահատակաները պետք է համապատասխանեն իրավակիրառ պրակտիկային, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախընտրական քարոզչության գործընթացի իրականացման, լուսաբանման վերաբերյալ տրված չափորոշիչներին, եթե այդպիսիք առկա են։ Ավելին, հաշվի առնելով Հանրային հեռարձակողի ու կուսակցությունների և/կամ կուսակցությունների դաշինքների միջև գործող պայմանագրային հարաբերությունները՝ կոչ եմ անում պահպանել պայմանագրային պարտավորությունները, որոնք վստահաբար չեն հակասի ոլորտը կարգավորող օրենսդրությանը։
«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8–րդ հոդվածը նախատեսում է վիրավորանքի, զրպարտության և այլ իրավունքներ խախտող փաստացի անճշտությունների վերացման գործիքակազմը, որը կարգավորվում է նաև Օրենքի 7–րդ հոդվածի 1–ին մասի պահանջներով։ Նշված իրավական դրույթների վերաբերյալ իր իրավական մեկնաբանությունը և դիրքորոշումն է արտահայտել Վճռաբեկ դատարանը: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավունքի պաշտպանության միջոցի ընտրությունը բոլոր դեպքերում կատարում է տուժողը: Վերջինս էլ կարող է մի դեպքում նախապատվություն տալ անմիջապես զանգվածային լրատվության միջոցին հերքման պահանջ ներկայացնելուն, մյուս դեպքում` իրավունքի պաշտպանության հայց ներկայացնելուն:
Օրենքի 17–րդ հոդվածը սահմանում է․ «1. Արգելվում է Հեռարձակողների և օպերատորների գործունեությանը միջամտելը: 2. Պետական իշխանության մարմինները կարող են Հեռարձակողների և օպերատորների գործունեությանը միջամտել միայն օրենսդրությամբ սահմանված դեպքերում»:
Հաշվի առնելով վկայակոչված նորմը, ցանկանում եմ հայտնել հետեւյալը՝
Քանի որ նախընտրական քարոզչության ընթացքում «Հանրային հեռուստաընկերության» ու կուսակցությունների և/կամ կուսակցությունների դաշինքների միջեւ կնքվում է պայմանագիր՝ նախընտրական քարոզչության լուսաբանման վերաբերյալ, ապա սույն համատեքստում գտնում եմ, որ եթե այնուամենայնիվ առկա է վիճելի իրավիճակ՝ ատելության խոսքին, վիրավորանքին և այլոց իրավունքները խախտելուն իրավական գնահատական տալուն, ապա անհրաժեշտ է դիմել Դատարան՝ նման իրավական գնահատական ստանալու համար, ինչպես նաև զուգահեռաբար շարունակել իրականացնել պայմանագրային պարտավորությունները։
Օրենքի 23–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն՝ Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմինը Խորհուրդն է: Օրենքի 27–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին և 9–րդ կետերը սահմանում են․ «խորհուրդը՝ 1) սահմանում է Հանրային հեռարձակողի տեսալսողական հաղորդումների ընդհանուր ծավալը և տեսալսողական ծրագրերի թիվը. 9) Հանրային հեռարձակողների տնօրենների ներկայացմամբ պարբերաբար հաստատում է ծրագրային քաղաքականությունը»։
Հաշվի առնելով վկայակոչված նորմը՝ ցանկանում եմ հայտնել հետևյալը.
Հանրային հեռարձակողի Խորհուրդը՝ որպես կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող ինքնավար մարմին, պետք է կամ ցանկալի է, որպեսզի սահմանի այն չափորոշիչները, ուղենիշները, որոնց առաջնորդվելով, Հանրային հեռուստաընկերությունը այս կամ այն ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց հետ կարող է մտնել պայմանագրային հարաբերությունների մեջ՝ մատուցելով համապատասխան ծառայություններ։
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 20–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Օրենքի 32-րդ հոդվածի 1–ին մասի 12–րդ կետի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերահսկում է Հեռարձակողների կողմից նախընտրական քարոզչության` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանումը։
Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից՝ Հանրային հեռարձակողը նախընտրական քարոզչության իրականացման ժամանակ անվճար և վճարովի եթերաժամը տրամադրում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով։ Իսկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը իրավասու չէ միջամտել Հանրային հեռարձակողի ծրագրային քաղաքականության մշակմանը և միայն վերահսկում է նախընտրական քարոզչության կարգի պահպանմանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր ընկերությունը հանդիսանում է նաև ԶԼՄ–ների դիտորդ մարմնի անդամ և վերջինիս կողմից 15.05.2021թ–ի ընդունվել է ՀՀ ԱԺ 2021 թվականի արտահերթ ընտրությունների լուսաբանման հուշագիր՝ ուստի կարող եք առաջնորդվել նաև տվյալ հուշագրի կարգավորումներով, ինչպես նաև ԶԼՄ–ների դիտորդ մարմնի քննարկաման առարկա դարձնել Ձեր կողմից բարձրացրած հարցերը։