Այսօր՝ հունիսի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էին Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության, «ՀՈՎՆԵՏ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի և «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի վերաբերյալ հարցերը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել երեք ընկերություն՝ «Փաստինֆո» ՍՊ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 595, 635 և 646 միավոր:
Անդրադառնալով օրակարգային 2-րդ և 3-րդ հարցերին, Հանձնաժողովը բավարարել է դիմումների պահանջները: