Հարգելի գործընկերներ, Մայր Հայրենիքի, Արցախի և Սփյուռքի հայրենակիցներ !!!
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Ահա ճանապարհում ենք ծանր փորձություններով, հիվանդություններով, Արցախի հանրապետության տարածքային ամբողջականության խախտումով, մարդկային կորուստներով 2020 թվականը:
Ընդամենը րոպեներ հետո 2020 թվականը կդառնա անցյալ, կատարված իրադարձությունները՝ հուշ, սակայն տարվա ընթացքում տեղի ունեցածն ու դրանց հետևանքները մեզ հետ կթևակոխեն 2021 թվական: Նախ կորոնավիրուսն ու իր հետևանքները, Տավուշում տեղի ունեցած հուլիսյան ագրեսիան, այնուհետ՝ Արցախյան պատերազմը ……
Վստահ եմ, որ յուրաքանչյուր ոք գիտակցում է անցնող տարվա ծանրությունը:
2021֊ին ջանք չենք խնայելու Մայր Հայրենիքի ամբողջականության, կորսված տարածքների ետ բերման, բանակի հզորացման, տնտեսության վերականգնման, հայոց երկնքում կրկին հաղթանակած եռագույնի ծածանման համար:
Աշխատասիրություն, նվիրվածություն, հոգատարություն, նորանոր ձեռքբերումներ, ստանձնած պարտավորությունների կատարում. Սա է գալիք տարվա տեսլականը:
Մեր զորակցությունն հայտնելով Հայոց բանակի զինվորներին և սահմանամերձ բնակավայրերի մեր քաջարի հայրենակիցներին, ի դեմս նրանց, շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում խաղաղություն, ոգու ամրություն և արիություն:
Շնորհավորում ենք նաև հեռուստառադիո ոլորտի աշխատակիցներին, լրագրողներին, մեդիա ոլորտի ներկայացուցիչներին և միանալով Ամանորին հնչող բոլոր շնորհավորանքներին, մաղթում ենք ստեղծագործ և հանրօգուտ աշխատանք:
Թող 2021 թվականը լինի խաղաղության տարի:
Թող Սուրբ Ծննդյան լույսն ու Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությունն ուղեկցեն Հայ ազգին ողջ տարվա ընթացքում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: