ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Կոչ հեռարձակողներին

Դիմում ենք բոլոր հեռարձակողներին

Երկրում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ: Այս պայմաններում իշխանության երեք ճյուղերի գործողությունները, ցավոք, թերի են, անբովանդակ և չեն նպաստում ճգնաժամի հաղթահարմանը, իսկ մի շարք քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի գործունեությունը զուրկ է կառուցողական բնույթից, ինչը հաճախ նպաստում է իրավիճակի էլ ավելի ապակայունացմանը: Այս ամենը հղի է ամենածանր հետևանքներով ժողովրդի և պետության համար:

Փոխադարձ անվստահության, մեղադրանքների մթնոլորտում Հանձնաժողովը կարևորում է լրատվամիջոցների՝ որպես ոչ ֆորմալ, բայց չափազանց ազդեցիկ չորրորդ իշխանության դերը սրված իրավիճակը մեղմելու գործում:

Ուստի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անունից դիմում եմ մեր գործընկեր հեռուստա և ռադիոընկերությունների ղեկավարներին, խմբագրակազմին, ինչպես նաև հեռարձակողների հիմնադիրներին հետևյալ խնդրանքով, հորդորով, պահանջով.

Խմբագրական քաղաքականությունն իրականացնելիս առաջնորդվել միայն պետության և քաղաքացիների շահերով, տուրք չտալ ավելորդ հուզմունքներին, լինել սթափ, պահպանել զսպվածություն: Բացառել եթերում ատելության խոսքի, սպառնալիքների, ասեկոսեների տարածումից, զերծ մնալ բամբասանքներից: Տուրք չտալ հաճախ արդարացի հուզմունքներին, եթեր չտրամադրել սադրիչ կոչերով հանդես եկող անձանց: Լրատվական հաղորդումներով, հարցազրույցներով նպաստել քաղաքացիական համերաշխության հաստատմանը, բացառել բռնության կոչերը իշխանական ինստիտուտների, քաղաքական ուժերի և գործիչների, քաղաքացիական տարբեր խմբերի, պարզապես այլ կարծիք ունեցող մարդկանց նկատմամբ:

Ուզում եմ հավատալ, որ բոլոր հեռարձակողները խորությամբ գիտակցում են իրենց պատասխանատվությունը բազմահազարանոց լսարանի առջև և հատկապես այս օրերին գերակա չեն համարի կուսակցական, անձնային կամ այլ, պետության անվտանգությունը խաթարող շահերը:

Եվ վերջում ցանկանում եմ հիշեցնել, որ Հանձնաժողովը շարունակում է կատարել Սահմանադրությամբ և օրենքով սահմանված իր լիազորությունները:

Քաղաքացիական բախումներ հրահրելու ցանկացած կոչ, մարդկանց խուճապի մատնելու ցանկացած գործողություն հեռարձակողների եթերում կանխվելու է ՀՌՀ կողմից՝ ընդհուպ մինչև հեռարձակողի գործունեության ժամանակավոր կասեցում, կամ լիցենզիայի գործողության դադարեցում, անկախ նրանից, թե որ ճամբարի կողմից են կատարվում հակաօրինական գործողությունները: