ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովում գումարվել է նիստ

Այսօր` նոյեմբերի 12-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 131-Ա որոշմամբ «Ռադիո 107 ՖՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով վերացնելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 132-Ա որոշմամբ «Արմնյուզ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով վերացնելու մասին» հարցի վերաբերյալ:

Հանձնաժողովը 2020 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 131-Ա և 132-Ա որոշումներով «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել էր վարչական տույժ՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ «Հայելու առաջ» լսողական և տեսալսողական հաղորդման մասով կասեցնել 30 օր ժամկետով:

Հանձնաժողովը քննարկել է Հեռարձակողի գրությունը, որով խնդրել է վերացնել վերոնշյալ որոշումները և հայտնել, որ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ և «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերությունների և Անժելա Թովմասյանի միջև աշխատանքային հարաբերությունները դադարել են և այլևս չեն ցուցադրելու Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդումը, միաժամանակ նշելով, որ սթ հոկտեմբերի 09-ին լուծվել է «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության և Անժելա Թովմասյանի միջև 2019 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված մտավոր գործունեության արդյունքների ստեղծման և դրանց նկատմամբ օգտագործման իրավունքների տրամադրման պայմանագիրը, որով դադարել է Հեռարձակողի կողմից «Հայելու առաջ» հաղորդման ցուցադրման հիմքը:

Որոշում է կայացվել վերացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 131-Ա և 132-Ա որոշումներով «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ և «Արմնյուզ» ՓԲ ընկերությունների նկատմամբ կիրառված վարչական տույժերը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ «Հայելու առաջ» լսողական և տեսալսողական հաղորդման մասով՝ 2020 թվականի նոյեմբերի 19-ից: