Օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝ «Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների և օպերատորների գործունեության մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևերը սահմանելու մասին», ««ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին», «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտի և «Մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» հարցի վերաբերյալ:
Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները քննարկել են «Տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների և օպերատորների գործունեության մշտադիտարկման իրականացման և արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևերը սահմանելու մասին» հարցը, միաժամանակ փաստելով, որ արձանագրության ձևերի մեջ կատարվել է պարզեցում: Նախկինում կար պահանջ ամեն շաբաթ գրառում կատարելու, սակայն կատարված փոփոխության արդյունքում կազմվելու է արձանագրություն տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների և օպերատորների գործունեության ուղղակի դիտարկում իրականացնելու միջոցով մշտադիտարկման արդյունքում տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջների խախտում արձանագրելու դեպքում:
Քննարկելով ««ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճելու մասին» հարցը իրավաբանական և լիցենզավորման վարչության պետը նշել է, որ Հանձնաժողով է մուտքագրվել «ՎԻԱՍԱԹ ԳԼՈԲԱԼ» ՍՊ ընկերության (ООО «ВИАСАТ ГЛОБАЛ») գրավոր դիմումը, որտեղ նշված է եղել ցանցային օպերատոր «ԷՖ ՆԵԹ» ընկերության կողմից հեղինակային իրավունքի խախտում կատարելու վերաբերյալ փաստ:
Ըստ դիմումատուի՝ ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագրային հիմունքների Հայաստանի Հանրապետության տարածքում վերահեռարձակվում են հեռուստածրագրերը, որոնց իրավատերը հանդիսանում է «Վիասաթ» մեդիահոլդինգը, միաժամանակ նշելով, որ իրավատիրոջ և ցանցային օպերատորի միջև հեռուստածրագրերի վերահեռարձակման իրավունքի տրամադրման լիցենզիոն պայմանագիր կնքված չէ: Հաշվի առնելով նշված փաստերը ցանցային օպերատորի նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ։
Հանձնաժողովը վարչական վարույթի հանգամանքների ճշգրտման նպատակով ցանցային օպերատորի մոտ իրականացրել է մշտադիտարկում՝ տեղում դիտարկում իրականացնելու միջոցով, որի արդյունքում արձանագրվել է, որ ցանցային օպերատորի կողմից չեն վերահաղորդվում Viasat-TV 1000, TV1000Action, DaVinci, Viasat Histoty տեսալսողական ծրագրերը:
Հանձնաժողովն ուսումնասիրելով վարչական վարույթի մասնակիցների կողմից ներկայացրած փաստերը, միաժամանակ համադրվելով Հանձնաժողովի տեղում կատարած դիտարկման արդյունքների հետ՝ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի խախտում չի հայտնաբերվել: Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ ցանցային օպերատորի նկատմամբ հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման:
Հանձնաժողովը բավարարել է «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության հեղինակազորման հայտ ստանալու դիմումը և տվել տեսալսողական մեդիածառայություն մատուցողի կարգավիճակ: