ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌՀ-ում կայացել է հանդիպում ցանցային օպերատորների հետ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում կայացել է հանդիպում ցանցային օպերատորի գործունեություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, գլխավոր քարտուղար Սմբատ Խաչատրյանը, իրավաբանական և լիցենզավորման ու ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ներկացուցիչները:

Հանդիպման նպատակը օրերս ուժի մեջ մտած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մեկնաբանությունն էր՝ մասնավորապես այն դրույթները, որոնցով կարգավորվելու է ցանցային օպերատորների գործունեությունը:

Տիգրան Հակոբյանը ողջունելով ներկաներին նշել է, որ հանդիպման նպատակը օրենքում առկա որոշ դրույթների, ինչպես նաև օպերատորներին հուզող հարցերի քննարկումն է:

«Օրենքի մշակման ժամանակ հաշվի են առնվել Օպերատորների միության կողմից ներկայացված գրեթե բոլոր առաջարկները: Իջեցվել է տույժերի չափը, թեթևացել՝ լիցենզավորման գործընթացը, սակայն ավելացել է նաև հավելյալ պատասխանատվությունը»,- իր խոսքում նշել է Հակոբյանը:

Այնուհետ, սկսված հարցուպատասխանի ընթացքում իրավաբանական և լիցենզավորման ու ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության ղեկավարները պատասխանել են ներկաների հարցերին, որոնք բազմազան էին՝ սկսած դիստրիբյուտորների հետ կնքվող պայմանագրերից, մինչև խախտումների հետևանքով կիրառվող տատժամիջոցների հետևանքներ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումներն ավելի հաճախ կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է օգոստոսի 5-ին, ուժի մեջ մտել՝ 7-ին: