ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Լիցենզավորված հեռուստառադիոընկերություններին
Ցանցային օպերատորներին
Դիստրիբյուտորներին
Հեղինակազորման հայտ ներկայացնող ընկերություններին

Հարգելի գործընկերներ

Ինչպես տեղյակ եք ս/թ օգոստոսի 7-ին ուժի մեջ է մտել «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքը: Չանդրադառնալով Օրենքի բովանդակությանը, նշեմ միայն, որ որպես կարգավորող մարմնի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կարծիքով այն ժամանակակից է, համապատասխանում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդի պահանջներին, երաշխավորում է խոսքի ազատությունը, տեսալսողական մեդիայի անկախությունը, միտված է պաշտպանելու հայկական մեդիա արտադրանքն ու արտադրողին, եթերում բարձրացնելու է հանրօգուտ բովանդակության ծավալը, նպաստելու հեռուստա և ռադիոծրագրերի բազմազանությանը, էթիկական նորմերի պահպանմանը և այլն:

Այնուամենայնիվ, շատ լավ հասկանում ենք, որ նոր Օրենքի կիրառումը բազմաթիվ հարցեր է առաջացնում կարգավորվող ընկերությունների մոտ: Նշեմ, որ ելնելով Օրենքի պահանջներից Հանձնաժողովն այժմ մշակում է մոտ երկու տասնյակ ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր, չափորոշիչներ, կարգեր և ընթացակարգեր: Նաև պատրաստում է ուղեցույցներ և պարզաբանումներ, որոնք կօգնեն հեռարձակողներին համապատասխանեցնել իրենց գործունեությունը Օրենքի պահանջներին:

Ակնհայտ է, որ այս ծավալի աշխատանքները ժամանակ են պահանջում:

Հանձնաժողովը «ճանապարհային քարտեզ է» մշակում, համաձայն որի, սկսած հաջորդ շաբաթվանից կազմակերպվելու են հանդիպումներ, քննարկումներ, դասընթացներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հեռուստա և ռադիոընկերություններ, ցանցային օպերարորներ, դիստրիբյուտոր կազմակերպություններ, հեղինակազորված հեռարձակողներ և այլն:

Նպատակը մեկն է՝ պատասխանել բոլոր հարցերին, լսել և քննարկել ներկայացվող առաջարկները:

Նշեմ, որ կարգերի և չափորոշիչների հաստատվելուց հետո, ձեզ համար դրանց վերաբերյալ պատրաստված ուղեցույցների և պարզաբանումների հասանելի լինելուց հետո, Օրենքի մի շարք դրույթներ կատարման համար կլինեն պարտադիր: Իսկ Օրենքի որոշ դրույթներ կլինեն պարտադիր՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիա ստանալու համար հայտարարված մրցույթի ավարտից հետո (2021 թ, հունվար):
Հանդիպումների մասին մասնակիցները նախօրոք կտեղեկացվեն:
Ուստի, խնդրում և հորդորում եմ տեսալսողական ծառայություններ մատուցող ընկերություններին ակտիվ աշխատել Հանձնաժողովի հետ և որ շատ կարևոր է՝ ծանոթանալ նոր Օրենքին:

Առիթից օգտվելով տեղեկացնեմ, որ Հանձնաժողովն արդեն իսկ սկսել է տեսալսողական ծառայություն մատուցող ընկերությունների հեղինակազորման գործընթացը (հայտի ձևը տեղադրված է ՀՌՀ պաշտոնական կայքում՝ http://tvradio.am/հեղինակազորում/):