Այսօր՝ մայիսի 27-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված էր տասնմեկ հարց՝ «ՀԱՃԸՆ ԻՍՊ», «ՀԱՈՒԶ ՆԵԹ», «ՄԱՅ ՆԵՏ», «ԴԻՋԻ ԹՎ», «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ», «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ», «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ», «ԻՔՍ-ԹԻՎԻ», «ՔՐՈՍՍ ՀԻԹԵՔ» ՍՊ և «ՅՈՒՔՈՄ» ՓԲ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների, ինչպես նաև ««ԱՐՏԳԱՐ» ՍՊ ընկերությանը տրված հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 48 լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով դատարան դիմելու մասին» հարցի վերաբերյալ:
««ԱՐՏԳԱՐ» ՍՊ ընկերությանը 2002 թվականին տրվել է հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա, որի գործողության ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է և վերջում երկարաձգվել է մինչև յուրաքանչյուր լիցենզիայով սահմանված սփռման տարածքը ներառող մարզում հեռարձակման նոր մրցույթի անցկացումը և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը:
Հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն՝ Ընկերությունը («Վանաձոր» հեռուստածրագիր) առնվազն մեկ շաբաթ եթեր չի հեռարձակվել, իսկ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տրված տեղեկատվության համաձայն՝ հեռարձակումներ չեն արձանագրվել 2019 թվականի դեկտեմբերի 24-ից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերությունը խախտել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը, Հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ՀՀ վարչական դատարան՝ «ԱՐՏԳԱՐ» ընկերությանը տրված հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 48 լիցենզիայի գործողության դադարեցման պահանջով:
Հանձնաժողովը բավարարել է ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու համար ներկայացված դիմումների պահանջները: