Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից 2019 թվականին իրականացված հիմնական աշխատանքները համառոտ

Հունվարի 29-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ամփոփել է 2019 թ. կատարված աշխատանքները:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը անկախ պետական մարմին է, որ ՀՀ Սահմանադրության N196 հոդվածի համաձայն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը:

Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է՝   «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Լիցենզավորման մասին», «Գովազդի մասին», «Լեզվի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերով, Հանձնաժողովի որոշումներով և միջազգային պայմանագրերով:

***

2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործում է 126 հեռուստառադիոընկերություն, որից 100-ը լիցենզավորված հեռուստաընկերություն է, 18-ը՝ լիցենզավորված ռադիոընկերոթյուն, 5-ը՝ հանրային հեռարձակող, 3-ը՝ միջպետական պայմանագրով գործող հեռուստառադիոընկերություններ:

2019 թվականին Հանձնաժողովը  լիցենզիա է տրամադրել կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող 12 հեռուստաընկերությունների:  Օրենքով սահմանված կարգով դադարեցրել՝ 8 կաբելային (մալուխային), 3 տեղական հեռուստաընկերությունների եթերային անալոգային և 1 թվային հեռարձակում իրականացնող եթերային հեռուստաընկերությունների լիցենզիաների գործողությունը:

***

Հանձնաժողովն իրականացնում է հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկում՝ դիտարկման, իսկ կաբելային հեռուստահեռարձակման դեպքում նաև հեռուստաընկերությունում տեղում դիտարկում իրականացնելու միջոցով:

2019 թվականին Հանձնաժողովի կողմից վարչական տույժ՝ տուգանք է կիրառվել թվով 12 հեռուստառադիոընկերության նկատմամբ, ընդհանուր՝ 6.200.000 (վեց միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Տուգանքները կիրառվել են հեղինակային իրավունքի, Գովազդի մասին օրենքի դրույթների խախտման, նախընտրական քարոզարշավի լուսաբանման կարգի խախտման, կրոնական խտրականության դրսևորման, սարսափ առաջացնող բռնության տեսարաններ ցուցադրելու  պատճառով:

Նախորդ տարիների հետ համեմատելու համար նշենք, որ 2011-2018 թթ. ընթացքում վարչական տույժ՝ տուգանք է կիրառվել թվով 10 հեռուստաընկերության նկատմամբ, ընդհանուր՝ 5.800.000 (հինգ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

***

2019 թ. Հանձնաժողովը սկսել է իրականացնել տարբեր տեսակի վերլուծություններ, որոնք առնչվում են գովազդային դաշտի, չափումների արդյունքների, ծրագրերի վարկանիշների, լեզվական նորմերի, հեռուստալսարանի կառուցվածքի և այլ խնդիրների հետ: Ամսական և եռամսյակային կտրվածքով իրականացվող վերլուծությունները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

2019 թ. ընթացքում Հանձնաժողովի աշխատակազմի պատասխանատուները այցելել են մարզային  բոլոր (թե թվային մուլտիպլեքսում, թե անալոգային տիրույթում գործող) հեռուստա և ռադիոընկերություններ, ինչպես նաև երեք տասնակից ավել կաբելային օպերատորների գրասենյակներ, տեղում ծանոթացել նրանց գործունեությանը, կատարել մի շարք ուղիղ դիտարկումներ:

***

Հանձնաժողովն ակտիվորեն համագործակցել է կարգավորող մարմինների եվրոպական պլատֆորմի (EPRA), ինչպես նաև Սևծովյան երկրների վերահսկողների (BRAF) տարեկան նստաշրջաններին, անդամակցել՝ Կենտրոնական Եվրոպայի կարգավորող ֆորումին (CERF):

Աշխատանքներ են իրականացվել Միջերկրածովյան Կարգավորող մարմինների հարթակին (MNRA) միանալու, ինչպես նաև Ուկրաինայի և Բելառուսի հետ հուշագիր կնքելու, իսկ Իտալիայի Հանրապետության Իտալական հաղորդակցությունների մարմնի հետ կնքված հուշագրի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

***

Հանձնաժողովն իր աշխատանքները բաց և թափանցիկ իրականացնելու նպատակով 2019 թ. գործարկել է նոր և ժամանակակից գործիքակազմով հագեցած կայք, որտեղ հրապարակվում են Հանձնաժողովի որոշումները, նիստերի օրակարգերը, տարեկան հաղորդումները, լիցենզավորված հեռուստառադիոընկերությունների ցանկերը և այլն: Նշված տեղեկությունները զուգահեռ տեղադրվում են նաև Հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում:

Հանձնաժողովի նիստերն հաճախ ուղեկցվում են ուղիղ հեռարձակմամբ՝  օրակարգում ներառված հարցերի կարևորության և հնչեղության աստիճանով պայմանավորված:

Մանրամասները տեսանյութում: