Խորհրդարանական լսումներ՝ ուղղված տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ hունվարի 16-ին հրավիրվել էին խորհրդարանական լսումներ՝ նվիրված տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխություններին: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, հեռուստառադիընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
Բացելով լսումները՝ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը նշել է, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, քանի որ այն հնացած է եւ այլեւս չի համապատասխանում ժամանակի պահանջներին: Նրա խոսքով, անհրաժեշտ է վերհանել ոլորտում առկա խնդիրները, որոնց կարգավորումները տեղ կգտնեն մշակվելիք օրենքի նախագծում: Ըստ Մխիթար Հայրապետյանի, փոփոխությունները լինելու են մեծածավալ եւ լրջագույն, արդյունքում մեդիաոլորտը բարեփոխվելու է ամբողջությամբ: Փոփոխությունները, տեխնիկական բնույթի խնդիրներ լուծելուց բացի, կառնչվեն եթերի բովանդակությանը, մասնավորապես, պետք է հստակ սահմանված լինի, թե կրթական եւ մշակութային ինչպիսի բաղադրիչներ պետք է լինեն օրենքի նախագծում:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հրատապ է համարել «Հեուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի արդիականացումը, ինչը պայմանավորված է ժամանակի թելադրանքով: Ըստ նրա, օրենքն ամբողջությամբ չի կարգավորում ոլորտը եւ չի նպաստում հեռուստառադիոընկերությունների զարգացմանը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ www.parliament.am կայքում:

Տեսանյութ