ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Հանձնաժողովի ներկայացուցիչները ծանոթացել են ուկրաինական կարգավորող մարմնի աշխատանքներին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանն ու ծրագրերի մոնիտորինգի և վերահսկողության վարչության պետի տեղակալ Լիլիթ Շահբազյանը դեկտեմբերի 2-6-ը գտնվել են Ուկրաինայի Կիև քաղաքում և աշխատանքային հանդիպումներ ունեցել Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի ազգային ռադայի ներկայացուցիչների հետ, ծանոթացել Ռադայի գործունեությանը, հեռարձակման, լիցենզավորման առանձնահատկություններին ու ընթացակարգերին:

Ուկրաինական ռադայի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց երկրում հեռարձակվող կազմակերպությունների պաշտոնական մոնիտորինգի իրականացման մեխանիզմները, ռադիոհաճախականության ռեսուրսների օգտագործման պայմանները, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք արվում են ուկրաինական լրատվամիջոցների փուլային կատարելագործման ուղղությամբ՝ եվրոպական ստանդարտներին և կարգավորող պրակտիկային համապատասխանեցնելու համար:

Ներկայացնելով Հայաստանյան գործունեության մանրամասները Հանձնաժողովի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատանքներ են տարվում Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ, միաժամանակ կարևորել ուկրաինական օրենսդրության մեջ ներառված մի շարք մեխանիզմներ, որոնք հետաքրքիր են նաև ՀՀ-ում ներդնելու տեսանկյունից:

Կողմերն երկուստեք կարևորելով փորձի փոխանակումը, պայմանավորվել են հետագա սերտ համագործակցության, տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը շարունակական դարձնելու ուղղությամբ: