ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Տիգրան Հակոբյան. Նոր նախաձեռնությունը լուրջ քննարկման առարկա է

Մեդիամաքսի հարցազրույցը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ

– Պարոն Հակոբյան, ռադիոհեռուստատեսային ոլորտում վերջին մեկ ու կես տարում ի՞նչ փոփոխություններ կան եւ ի՞նչ միտումներ են նկատվում։

– Սխալ կլինի մեր աշխատանքները կամ հեռարձակող ընկերությունների կարգավորման խնդիրները պայմանավորել միայն հեղափոխությամբ, քանի որ տասնյակ այլ գործոններ կան։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող փոփոխությունները ոչ պակաս մեծ ներգործություն են ունենում այս դաշտի վրա, քան քաղաքական փոփոխությունները։ Քաղաքական փոփոխությունները, տվյալ դեպքում՝ հեղափոխությունը, լավ է այն ժամանակ, երբ իշխանության եկած ուժը չի շեղվում իր հռչակած սկզբունքներից։ Իսկ այդպես միշտ չէ, որ լինում է:

Այդ առումով այս մեկ ու կես տարին հնարավորություն է տալիս պնդել, որ նոր իշխանությունների հռչակած սկզբունքները համընկնում են նրանց գործելաոճի հետ: Վարչապետը հայտարարում է, որ խոսքի ազատությունն արժեք է ու պաշտպանվելու է նոր իշխանությունների կողմից, եւ դա գործնականում տեսնում ենք մեր կողմից կարգավորվող ոլորտում։ Հանձնաժողովի վրա որեւէ ճնշում, պարտադրանք չկա եւ չի կարող լինել։ Ուստի կխնդրեմ բոլորին գիտակցել՝ որոշումները կայացնում եւ դրանց համար պատասխանատվությունը կրում են հանձնաժողովի նախագահն ու անդամները։

Սահմանադրությամբ ամրագրված հեռարձակվող լրատվամիջոցների ազատությանն ու անկախ գործելու իրավունքի ապահովումը ՀՌՀ աշխատանքների բաղադրիչներից մեկն է միայն։ 21-րդ դարում, երբ հեռարձակման տեխնիկական հնարավորությունները «պայթյունային» զարգացում են ապրում, խոսքի ազատությունը գրեթե նվաճած «տարածք է»: Այսօր նույնիսկ մեծ ցանկության ունենալու դեպքում այն սահմանափակելը շատ դժվար է:

Այսօր հասարակությունը այլ մարտահրավերների հետ է բախվում: Հսկայական տեղեկատվական հոսքերը կիրառվում են նաեւ որպես զենքի նոր տեսակ: Եվ խնդիր է առաջանում, թե ինչպես պաշտպանել քաղաքացիներին ապատեղեկատվությունից, «ատելության խոսքից», արտաքին ազդեցություններից, կեղծ օրակարգերի թելադրանքից: Պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն խոսքի ազատությունը, այլեւ անկողմնակալ, ճշգրիտ, կրթող տեղեկատվություն ստանալու սպառողի իրավունքը։

Այս նոր իրականությունը, նոր մարտահրավերների չեզոքացման մեխանիզմները, տեխնոլոգիաների ներկա հնարավորությունների օգտագործումը պետք է տեղ գտնի Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին նոր օրենքում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ mediamax.am կայքում