ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վարչական տույժ՝ ձայնագրոթյունները չպահպանելու համար

Այսօր՝ հուլիսի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում ընդգրկված էր երեք հարց՝ «ՖԱՎՈՐԻՏ ԹԻ ՎԻ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը Երևան քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա, «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊ ընկերության ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների և «ԱՐՏԳԱՐ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին» հարցի վերաբերյալ:

«ԱՐՏԳԱՐ» ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին վարչական վարույթը, բացվել էր Հանձնաժողովի՝ իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս Ընկերության կողմից 2019 թվականի ապրիլի 1-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում հեռարձակված եթերի ձայնագրությունները չներկայացնելու հիմքով: Ընկերության նկատմամբ իրակացվել է վարչական ևս մեկ վարույթ, որի շրջանակներում Ընկերությունը 2019 թվականի հունիսի 4-ին Հանձնաժողով ներկայացված դիմումով պարտավորվել էր մինչև վարչական վարույթի քննարկման օրը, ներկայացնել Հանձնաժողովի կողմից պահանջված ձայնագրությունները, սակայն,  պահանջված ձայնագրությունները չեն ներկայացվել։

Ընկերության կողմից 2019 թվականի ապրիլի 1-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում հեռարձակված եթերի ձայնագրությունները չներկայացնելու հիմքով Հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Ընկերության նկատմամբ կիրառվել է վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում։

Վերը նշված վարչական տույժը կիրառելուց հետո Ընկերության կողմից ներկայացվել է հեռարձակած եթերի ձայնագրությունները՝ կոշտ սկավառակով: Հանձնաժողովի մասնագետների կողմից կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տվյալ սկավառակը չի կարող հանդիսանալ որպես ապացույց Ընկերության եթերի ձայնագրությունների պահպանման վերաբերյալ։

Հաշվի առնելով տվյալ հանգամանքը Հանձնաժողովի անդամները միաձայն որոշում են կայացրել «ԱՐՏԳԱՐ» ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Քննարկելով օրակարգային մյուս հարցերը,  հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել «ՖԱՎՈՐԻՏ ԹԻ ՎԻ ԳՐՈՒՊ» և «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ընկերությունների դիմումների պահանջները: