ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Վարչական տույժ՝ արգելված գովազդի համար

Այսօր՝ հունիսի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում յոթ հարց:

Քննարկվել է «ԱՐՄՔՈՄ» ընկերությանը ՀՀ Կոտայքի մարզի տարածքում  հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու և «ԱՅԹԻՎԻ» (նախկին անվանումը՝ «ՔՅԱՎԱՌԻ ՀՈՒՅՍ») ընկերության հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման հայտի վերաբերյալ դիմումները, ինչպես նաև «ՑԱՅԳ», «ԱՐՏԳԱՐ», «ՇԱՆԹ» և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերությունների նկատմամբ  վարչական տույժ կիրառելու մասին հարցերը:

«ՑԱՅԳ» ընկերության ներակայացուցիչները,որոնց դեմ վարչական վարույթը բացվել է Հանձնաժողով մուտքագրված դիմումի համաձայն՝ մարզային սփռում իրականացնող հեռուստածրագրերի եթերում  անչափահասների առողջության, մտավոր զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող, կրոնական բնույթի հաղորդում հեռարձակելու համար, Հանձնաժողովի անդամներից խնդրել են մեկ շաբաթով հետաձգել որոշման կայացումը, նյութերին ծանոթանալու և պարզաբանում ներկայացնելու համար, որն ընդունվել է:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» և «ՇԱՆԹ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել լրատվական թողարկման ընթացքում տարբեր ընկերությունների տարբերանշաններով գովազդ հեռարձակելը՝ խախտելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

Ուսումնասիրելով հեռուստաընկերությունների կողմից ներկայացված պարզաբանումները Հանձնաժողովը 5 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում է կայացրել նշված ընկերությունների նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ «ԱՐՏԳԱՐ» ընկերությանը, տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ հարցումներին օրենքով սահմանված ժամկետում չպատասխանելու համար տրվել էգրավոր նախազգուշացում, միաժամանակ պարտավորցնելով պատասխանելու հարցումներին:

Մեկ այլ որոշումով էլ հաստատվել է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները:

Բավարարվել են «ԱՐՄՔՈՄ» ընկերությանը ՀՀ Կոտայքի մարզի տարածքում  հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու և «ԱՅԹԻՎԻ» (նախկին անվանումը՝ «ՔՅԱՎԱՌԻ ՀՈՒՅՍ») ընկերության հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիայի վերաձևակերպման հայտի վերաբերյալ դիմումները: